Փաշինյանի ընտրած հակառուսական կուրսը գործնական փուլում է․ Ռաֆայել Օրդուխանյան

11 Փետրվարի 2026, 00:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ-ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։

Քաղաքագետի խոսքով՝ սա Ռուսաստանից հեռանալու հերթական քայլն է։

«Իհարկե, այստեղ ամեն ինչ պտտվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ․ հենց դա էլ եղել է քննարկումների հիմնական թեման։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղուն», որն, անկասկած, Իրանում ընկալվում է որպես դանակով հարված թիկունքին։ Մյուս կողմից՝ սա տարածաշրջանը Ռուսաստանից պոկելու փորձերի շարունակությունն է։ Վրաստանի պարագայում որոշակի դադար առաջացավ, իսկ այժմ Ադրբեջանն ու Հայաստանը աստիճանաբար հայտնվում են ԱՄՆ-ի և Եվրոպայի ազդեցության տիրույթում։ Առավել ևս, որ Հայաստանում իրավիճակը բավական նպաստավոր է նման զարգացումների համար։

Փաշինյանի ընտրած հակառուսական կուրս ն արդեն գործնական փուլում է։ Մինչդեռ Ռուսաստանն այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։ Վենսի համար առանձնապես մեծ աշխատանք չկար՝ Հայաստանում իրավիճակն արդեն իսկ բավական բարենպաստ է ամերիկամետ քայլերի համար։ Եվ այժմ այդ ամենը պարզապես նյութականացվում ու մոնետիզացվում է։

Մենք գիտենք ատոմային էներգետիկայի ոլորտում ներդրումների փաթեթի մասին։ Խորհրդային Միությունն էր կառուցել ատոմակայանը, իսկ այժմ այնտեղ ներդրումներ են կատարելու ամերիկացիները։ Այսպիսով, ըստ էության, սա հերթական հեռացումն է Ռուսաստանից և անցում արևմտյան կառույցներին, թեև հրապարակային հնչեցվում են այլ հայտարարություններ։ Փաշինյանը հետևողական է իր հակառուսական քաղաքականությանը, իսկ Վենսի այցը պարզապես ևս մեկ անգամ դա հստակեցնում է»,- ասել է Օրդուխանյանը։