Փաշինյանի յուրաքանչյուր գործողություն մեզ վնասում է. Հարութ Սասունյան

12 Սեպտեմբերի 2023, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Փաշինյանը հերթական անգամ հաստատել է իր ապազգային ու վախկոտ դիրքորոշումը՝ ասելով, թե Արցախը Ադրբեջանի մաս է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է The California Courier թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

«Ես չեմ զարմանում, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ազգային ժողովը չեն շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին, քանի որ նրանք նույն խմբի անդամներ են և ունեն նույն ապազգային նպատակները: Նրանք ամեն օր նոր ձախողությունների դռներ են բացում հայության համար:

Եթե մենք ունենայինք այնպիսի ղեկավար, որը կհասկանար, թե ինչ է միջազգային քաղաքականությունը, կկարողանար նաև ճիշտ ձևով ղեկավարել Հայաստանը և ճիշտ հարաբերություններ ստեղծել բազմաթիվ երկրների հետ, լիներ դա ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը թե Հնդկաստանը: Բայց Փաշինյանի յուրաքանչյուր գործողություն մեզ ավելի շատ վնասում է, քան օգնում, քանի որ երկիր ղեկավարելու ձևը չգիտի»,- նշել է Սասունյանը:

Նա վստահեցնում է՝ հերթական կորուստներից խուսափելու և Արցախը փրկելու միակ ուղին իշխանափոխությունն է:

«Հերթական կորուստներից ու վնասներից խուսափելու համար, մեզ պետք է, որ Փաշինյանը օր առաջ հրաժարական տա: Այդ ժամանակ մեզ պետք կլինի այնպիսի ղեկավար, որը կկարողանա պաշտպանել Արցախի ու Հայաստանի շահերը, ինչպես նաև ճիշտ հարաբերություններ կստեղծի միջազգային գործընկերների հետ»,- եզրափակել է Սասունյանը: