Փաշինյանի զարմանքը հուշում է Ադրբեջանի հետ ունեցած այլ պայմանավորվածությունների մասին․ Վիգեն Հակոբյան
06 Նոյեմբերի 2025, 19:30
Եթե Նիկոլ Փաշինյանը զարմանում է, որ Ադրբեջանը ռուսական ապրանք է թողնում իր տարածքով, ապա դա նշանակում է, որ այլ պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Եթե զարմանքը ռուս-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում է, ապա պետք է նշել՝ այնպես չէ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է սկսվել և ամեն ինչ փակվել է։ Համենայնդեպս, առնվազն քաղաքական առումով եղել է արդեն բարձր մակարդակի շփում Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, և ինչ-որ մակարդակում հարաբերությունները վերականգնվել են։ Այս առումով մտածել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները այն աստիճան վատ են, որ Ադրբեջանն, օրինակ, ռուսական որևէ ապրանքատեսակ չի թողնելու տրանզիտով գա Հայաստան, կարծում եմ, հիմնազուրկ է»,- նշել է քաղտեխնոլոգը։
Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 1․5 միլիոն դրամ վճարելու և նախընտրական ցուցակում ընդգրկվելու մասին՝ Հակոբյանն ընդգծել է․
«Ես չեմ կարող հիշել որևէ տեղ, որ լեգալ եղանակով նման պրակտիկա է կիրառվել։ Այսինքն՝ վաճառվում են ցուցակի անցողիկ կամ չանցողիկ տեղերը, կամ վաճառվում է այս կամ այն գործչի կամ բիզնեսմենի լոյալությունը հնարավոր իշխանությանը։ Ինչպես իրենք են ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում։ Այսինքն՝ դու այն գլխից գնում ես քո տեղը ապագա իշխանության կազմում»։