Փաշինյանն առանց պայմանավորվելու՝ պոպուլիստական քայլ արեց Արցախ հումանիտար բեռ ուղարկելով. քաղաքագետ

27 Հուլիսի 2023, 19:04

Քաղաքականություն

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հումանիտար օգնություն ուղարկել Արցախ՝ իր ասուլիսին հաջորդած արձագանքներից հետո:

«Փաշինյանն այդ ասուլիսին չկարողացավ թաքցնել իր ատելությունն Արցախի ու արցախահայության նկատմամբ, արեց արտահայտություններ, որոնք մեծ արձագանք ստացան ու դրանից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ իր կինը լծվել են ասուլիսի ընթացքում արտահայտած մտքերը լղոզելու գաղափարին: Հումանիտար օգնություն ուղարկելն այդ ծրագրի մի մասնիկն է, ինքը պոպուլիստական քայլ է արել՝ առանց պայմանավորվելու, առանց նախապես մեխանիզմները հստակեցնելու, թե ինչպես է այդ ապրանքը տեղ հասնելու: Բեռնատարներներն ուղարկեցին Կոռնիձոր՝ շոու ապահովելով, օրինակ՝ հրավիրեցին դեսպաններին, ակտիվ լուսաբանեցին այդ իրադարձությունը: Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե այնպես չէ, որ «ես չեմ մտածում Արցախի մասին, բեռներն ուղարկել եմ, դե հիմա ռուսները չեն կարողանում անցկացնել, ադրբեջանցիները խանգարում են, Եվրոպան էլ ոչինչ չի անում, միայն նայում է: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «բոլորը մեղավոր են, բացի ինձնից» գաղափարախոսությամբ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմամբ, պաշտոնական Երեւանը Բաքվին լեգիտիմ առիթ է տալիս բարձրաձայնել Ակնայով Արցախ բեռնափոխադրումներ կատարելու պատրաստակամությունը:

«Չեմ բացառում, որ շուտով ադրբեջանցիները նման փորձեր կանեն, ապրանքը կբերեն այն կողմից ու կասեն՝ դե հայերը չեն ընդունում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հերթական խաղաքարտն է տվել Ադրբեջանի ձեռքին: Ստեղծում են իրավիճակ, որի պայմաններում արցախահայությունը հայտնվում է անելանելի դրության մեջ, դրա համար չեմ կարծում, որ սա հումանիտար օգնություն էր, այլ Նիկոլ Փաշինյանի PR-ին ուղղված շոու էր, որի հետեւանքները ծանր են լինելու Արցախի համար»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին տեղի ունեցած ասուլիսին բավականին սուր էր արձագանքել արցախցիների այն հարցերին, որում նրանք դժգոհություն էին հայտնել, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին իր կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած բանջարեղենը: Փաշինյանը հայտարարել էր, թե «ոչինչ չեն խնայել Արցախի համար ու սարկազմով ասել, թե «150 մլրդ դրամ են տրամադրել, գոնե աջաբսանդալի մատերիալ աճեցնեին»:

«150 մլրդ գումար ենք տվել, բադրիջան աճեցրեք՝ առավոտից երեկո լայվ մտնելու փոխարեն։ Ուզո՞ւմ եք Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը մատաղ անեք, ո՞ւմ առաջ։ Բացառված է դա»,- ասել էր նա:

Ասուլիսից մեկ օր անց՝ հուլիսի 26-ին, Հայաստանի կառավարությունը շուրջ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ, որը մեկ օր անց էլ տեղ չի հասել: 19 բեռնատարները այս պահին էլ կանգնած են Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում:

Այդ բեռների մեջ կա 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ եւ 9 տոննա դեղորայք, որը նախատեսված է 2 օրվա համար:

Մինչեւ բեռները Երեւանից տեղափոխելը, ԱԳՆ-ն դրանց պարունակությունը ցույց է տվել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարն էլ գտնվում է Կոռնիձորում: Լրատվամիջոցների հետ զրույցում նա հայտարարել է, որ շարունակելու է այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որեւէ կերպ չի լուծվել:

Հավելենք նաեւ, որ Ակնայով մարդասիրական մատակարարումներ Արցախ ապահովելու պատրաստակամության մասին առաջին անգամ՝ հուլիսի 14-ին, հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանը:

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարեւորել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար:

Պաշտոնական Ստեփանակերտի համար անընդունելի է այս առաջարկը: Արցախի պաշտոնյաները հայտարարում են, որ Ադրբեջանը փորձում է առոչինչ դարձնել Լաչինի միջանցքի հատուկ կարգավիճակը, իսկ իրենք թույլ չեն տա, որ համարժեքներ ստեղծվեն Լաչինի միջանցքին, որը Արցախի կյանքի ճանապարհն է: