Փաշինյանն ասաց՝ կարող ենք այլընտրանքային ճանապարհ սարքել, ինչին ժողովուրդը դեմ է. Միհրան Մախսուդյան
17 Ապրիլի 2024, 15:12
Ոսկեպարցիների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին, ինչին գյուղացիները ընդդիմացել են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:
«Պատերազմ լինելու թեզ առաջ չտարավ, ասաց՝ կարող ենք այլընտրանքային ճանապարհ սարքել, ժողովուրդն էլ ասաց՝ ոչ: Ես եմ խոսել այլընտրանքային ճանապարհին դեմ լինելու մասին, քանի որ եթե այդ ճանապարհը սարքենք, ուրեմն մենք կողմ ենք իրենց զիջման քայլերին: Վարչապետն ասաց՝ եթե դեմ եք, ուրեմն չի սարքվի»,- հանդիպումից մեջբերում արեց Միհրան Մախսուդյանը:
Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ խոսել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին:
«Ասաց՝ խաղաղության ենք գնում, պետք է բանակցություններ վարենք Ադրբեջանի հետ, փոխզիջման տարբերակներ գտնենք: Փոխզիջման մանրամասները չներկայացրեց: Ասաց՝ փորձելու եմ ժողովրդի օգտին անել ամեն ինչ: Մենք հիմա սպասում ենք, տեսնենք, թե ինչ լուծումներ կառաջարկի ժողովրդին»,- նշեց Մախսուդյանը:
Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ է այցելել: Բնակիչների հետ հանդիպումը ըստ Մախսուդյանի, մեկ ժամ է տեւել:
Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանը մարտի 18-ին եւս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:
Փաշինյանը շեշտել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտում են անում ոչ միայն հանուն Հայաստանի, այլեւ հանուն Ոսկեպարի եւ մյուս գյուղերի անվտանգության ապահովման: Տավուշցիները հակառակ Փաշինյանի հավաստիացումների՝ Alpha News-ին պատմել են 4 գյուղերը հանձնելու վտանգների մասին: