Փաշինյանն այսօր կրկնում է Էրդողանի ու Ալիևի հայտարարությունները․ Սասունյան

30 Ապրիլի 2024, 23:00

Քաղաքականություն

Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն արտառոց ելույթ էր, անհասկանալի բառերի մի կույտ էր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

«Որպեսզի հասկանանք, թե որն է այդ հակասական խոսքերի դրդապատճառը, պետք է սկսենք նրանից, որ նա արդեն մի քանի ամիս է՝ անում է հակահայկական, ապազգային հայտարարություններ։ Մենք մինչ այս լսում էինք, որ պետք է դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան փոխենք «Հայաստանի պատմության», լսում էինք, որ զինանշանի վրայից պետք է հանենք առյուծը, պետք է հայոց բանակ չասենք, այլ Հայաստանի բանակ։ Վերջերս Ադրբեջանը պահանջում էր, որ Սահմանադրությունից հանենք «ցեղասպանություն» տերմինը և Արցախի մասին կետը։ 2 շաբաթ առաջ էլ Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դրեց 1․5 միլիոն զոհերի հիշատակը՝ նշելով, որ ոչ մի տեղ նշված չէ այդ մարդկանց անունները։ Բայց վտանգը ոչ թե այն է, որ դա ուղղակի հիմար հայտարարություն է, այլ այն, որ մենք կարող ենք փնտրել ու գտնել օրինակ 200․000 անուն ու թուրքերը, դրա վրա հիմնվելով, ասեն, որ մենք տարիներ է ձեզ ասում ենք՝ ցեղասպանությունը կեղծիք է»,- նշեց Սասունյանը։

Նա ընդգծեց՝ Փաշինյանն այսօր կրկնում է Էրդողանի ու Ալիևի հայտարարությունները։

«Տպավորություն է՝ նրանք երեքով նստում են վարչապետի գրասենյակում, ու այդ երկուսն ինչ ասում են, Փաշինյանը հնազանդվում է ու կրկնում։ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է տարբերակել ներկա Հայաստանը պատմական Հայաստանից։ Նա այս կերպ փորձում է մեզ կտրել մեր անցյալից, մեր հազարամյա տարիների պատմությունից՝ փոխարենը բավարարել Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունները»,- եզրափակեց Սասունյանը։