Փաշինյանն իրավասու չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող պայմանագիր ստորագրել. Ստեփանյան

29 Մայիսի 2023, 20:01

Կարծիք

Բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի իշխանությունների անհեռատես եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով է նաեւ ձեւավորվում Իլհամ Ալիեւի հռետորաբանությունը Արցախի բնակչության կամ էլ ընտրված իշխանությունների նկատմամբ:

Այս մասին Аlpha News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ արցախահայությանն ուղղված սպառնալիքներին:

«Ալիեւը շատ լավ հասկանում է, որ Արցախում օրինական ընտրություններով ընտրված բարձրագույն մանդատ ունեցող ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը եւ Հանրապետության նախագահը, դրանք սուբյեկտայնությունը խորհրդանշող գլխավոր մարմիններն են եւ սկսում է նաեւ այդ կառույցների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել:

Այստեղ էականն այն չէ, թե մենք ինչպես են արձագանքելու Ալիեւի հայտարարություններին, Ազգային ժողովը բազմիցս է իր միասնական դիրքորոշումը հայտնել այդ կամ այլ հայցրի հետ կապված: Այստեղ հակասականն այն է, որ Հայաստանի վարչապետը եռակողմ ձեւաչափով հանդիպման ընթացքում նշում է, որ Հայաստանի համար կարեւոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը, հիմա հարց. ինչպե՞ս մենք կարող ենք հաշվի առնել, որ այդ խոսքը որեւէ արժեք ունի այդ հարթակում, որտեղ խոսում է այդ մասին, որովհետեւ նման հռետորաբանությունը եւ ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման մասին հայտարարությունները հակադարձ հասկացություններ են»,- նշեց Գեղամ Ստեփանյանը:

Արցախի պատգամավորը հիշեցրեց վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի վարչապետի՝ Արցախին վերաբերող միմյանց հակասող հայտարարությունները: Օրինակ՝ բանակցությունները սեփական կետից սկսելը, Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելը, «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարելը, որին էլ հաջորդեց 44-օրյա պատերազմը:

«Մինչեւ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի վարչապետը նշում էր, որ ինքը Արցախի ժողովրդի անունից որոշում կայացնելու իրավունք չունի:

Ընտրությունների ժամանակ նրա նախընտրական ծրագրում ամրագրված էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին կետը, որտեղ խոսվում էր նաեւ շրջանների դեօկուպացիայի մասին: Հիմա դրանց հաջորդում են շփումների այսպիսի ոճը: Ստացվում է, որ ՀՀ վարչապետը ուրիշ ծրագրով է ներկայացել Հայաստանի քաղաքացիներին, ստացել վստահության քվե, ստանձնել իշխանությունը, բայց այսօր ուրիշ ուղղությամբ է տանում արտաքին քաղաքականությունը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը իրավասու եւ լիազորված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող ինչ-որ պայմանագիր կամ էլ փաստաթուղթ ստորագրել:

«Առնվազն Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել հանրաքվեով՝ նմանատիպ պատմական ու պատասխանատու որոշում կայացնելուց առաջ»,- հավելեց արցախցի պատգամավորը:

Հիմա եթերում