Փաշինյանն ու Ալիևը ցույց են տալու, թե որոշ չափով հարգում են Մոսկվային. Հայկ Խալաթյան
24 Մայիսի 2023, 18:00
Alpha Newsroom-ի մայիսի 24-ի ուղիղ եթերում Երևանի, Մոսկվայի և Լոս Անջելեսի տաղավարներում մեկնաբաններն ու փորձագետները քննարկել են Փաշինյանի պարտվողական ելույթի արձագանքները:
Alpha News-ի՝ Մոսկվայի մեկնաբան Հայկ Խալաթյանը տեղեկացրել է, որ օրերս ռուսական Առաջին ալիքն իր ինֆորմացիոն թողարկումներից մեկը նվիրել է Հայաստանին, որտեղ քննադատություն է հնչել Հայաստանի իշխանության հասցեին:
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ռուսական մեդիայում կա կարծիք, որ այս ամենը արվում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով, քանի որ ակնհայտ է՝ եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ամբողջ մեղքը բարդվելու է Ռուսաստանի վրա՝ իբր Ռուսաստանի պատճառով է Հայաստանն Արցախը կորցրել, այլ ոչ Հայաստանի իշխանության մեղքով:
Նույնիսկ հայ հասարակությունն է արդեն պատրաստ վերանայել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Եթե Արցախի հարցը փակվեց այնպես, ինչպես ուզում են Արևմուտքում և Ադրբեջանում, ապա հարց է առաջանալու, թե Հայաստանի ինչին է պետք ռուսական ռազմաբազան, և ընդհանրապես, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:
Անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում սպասվող եռակողմ հանդիպմանը՝ Alpha News-ի մեկնաբանը կասկածանքով է մոտեցել հարցին, թե Մոսկվայում որևէ փաստաթուղթ կստորագրվի այդ օրը.
«Փաշինյանը, Ալիևը գնալու են Մոսկվա, որ ցույց տան, թե որոշ չափով հարգում են Մոսկվայի կարծիքը, բայց գլխավոր բանակցային գործընթացը, ռեալ պայմանավորվածությունները ձեռք են բերվում Վաշինգտոնում կամ Բրյուսելում, և փաստաթղթի բովանդակության 90%-ը Արևմուտքում է կազմվում»,- ասել է Խալաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում