Փաշինյանն ընտրություններով փորձելու է ամրապնդել իշխանությունը՝ խաղաղության պայմանագրից առաջ. Իգիթյան
12 Դեկտեմբերի 2023, 11:47
Երևանի ու Բաքվի միջև հայ գերիների և ադրբեջանցի զինծառայողների վերադարձի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի՝ երկու գործոնի հետ է կապված:
«Մի կողմից դա արվում է Հայաստանում նախընտրական պրոցեսների համար, կարծես իշխանությունները մտադիր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել: Կհիշեք՝ Հայաստանի վարչապետի՝ 2021թ.-ի հայտարարությունը, թե գերիները երկու ամիս էլ կդիմանան, անցավ երկու տարի ու հիմա փորձելու են էդ գերիների մի մասին հետ բերեն, ասելով, որ դե երկու ամսում չբերեցինք, բերեցինք երկու տարի հետո: Փորձելու են քարոզչություն տանել, որ իրենց իշխանությունն ամեն ինչ արել է, չնայած նրան, որ գերիները այս երկու տարիների ընթացքում մոռացված էին իշխանությունների կողմից:
Մյուս կողմից էլ մենք տեսանք, որ արտաքին խաղացողները ողջունեցին հայ գերիների ու ադրբեջանցի զինծառայողների փոխանակման պայմանավորվածությունը, ասացին, որ դա խոսում է խաղաղության հնարավոր լինելու մասին, պարզապես քաղաքական կամ է պետք: Սա դիտարկվում է քայլ, որն աջակցելու է խաղաղության պայմանագրին»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարեն Իգիթյանը:
Փորձագետը կարծում է, որ իշխանություններն արտահերթ ընտրություններ են ուզում անցկացնել իրենց դիրքերն ամրապնդելու համար:
«Իշխանությունները հասկանում են, որ իրենց վարկանիշն ընկնում է ու եթե խաղաղության պայմանագիր կնքեն, իրենց վարկանիշն ավելի կընկնի ու հնարավոր է, որ իրենք զրկվեն իշխանությունից, դրա համար էլ ընտրությունների են գնում, որ իրենց իշխանությունը պնդացնեն: Նիկոլ Փաշինյանն ընտրություններով փորձելու է լեգիտիմացնել այն, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ և իր իշխանության համար անվտանգ դարձնի այն ժամանակաշրջանը, որը լինելու է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո»,- ասաց Կարեն Իգիթյանը: