Փաշինյանը Ալիևի պահանջներն ավելի արագ է կատարում, քան հնդիկ առաքիչն ուտելիք կհասցնի․ Հարություն Հարությունյան
05 Հուլիսի 2024, 21:37
Հայաստանի Հանրապետությունը դեմոնտաժվում է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման վերաբերյալ արված հայտարարությունները թելադրված են այլ ուժերի, ավելի շուտ Ալիևի կողմից։ Այսօր ես մի հրապարակախոսություն լսեցի հեռուստացույցով, ասում էր՝ եթե դուք պիցցա եք պատվիրում, հնդիկ առաքիչը այն ձեզ է հասցնում, այնքան արագ չի բերում, ինչքան Ալիևի պահանջները կատարում է Նիկոլ Փաշինյանը։
Դեմոնտաժվում է Հայաստանի Հանրապետությունը ու թե պետություն է լինելու, թե մարզ է լինելու, չգիտեմ, բայց ինչ-որ նոր բանի ստեղծում է այս ամենը, բայց դա հաստատ հանրապետության ստեղծում չէ։ Հանրապետություն չի ստեղծվի, եթե մենք դեմը չառնենք։ Մենք դեպի անկում ենք գնում»,- ցավով նկատել է Հարություն Հարությունյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ անդամ որևի երկիր չի կարող անվտանգային առումով մեզ օգնել, որովհետև ուղղակի հեռու են մեզնից։
«Միացյալ Նահանգներից և ոչ մի տեղից անվտանգության ապահովում չենք տեսնի։ Հույս ունենալ, որ Եվրոպան կամ ԱՄՆ-ը մեզ կօգնեն անվտանգային առումով, չէ, չեն օգնելու։ Չեն օգնի, որովհետև ոչ թե չեն ուզում, այլ ուղղակի հեռու ենք իրենցից։ Իրենք օգնում են այլ բնագավառներում և շատ լավ է, որ այդ օգնությունը կա։ Մեր առայժմ ղեկավար կոչվածները ավելի շատ Հռոմի Պապից կաթոլիկ են ձևանում ու շատ ավելին են պահանջում, ուզում են ավելին ներկայացնել, որովհետև այդպիսի խնդիր ունեն։
Ընդհամենը պետք է մի քիչ կարդացած լինել՝ հասկանալու համար, որ այս նույն իրավիճակում առաջին անգամը չէ, որ հայտնվել ենք։ 20-րդ դարի սկզբին այս նույն իրավիճակում ենք եղել։ Նույն բանը կրկնվում է ։ Զավեշտ է՝ մեր հիշողությունը այնքան կարճ է, որ մեր պատմության փորձի վրա չենք ուզում մեր սխալները շտկել»,- եզրափակել է Հարություն Հարությունյանը։