Փաշինյանը ԱՄՆ-ի համար երկրորդական, երրորդական ստատուս ունի. Արթուր Խաչիկյան
07 Փետրվարի 2025, 21:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-ին պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որի շրջանակներում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ: Ի դեպ, այդ հանդիպման մասին հայտնել է միայն հայկական կողմը։ Կառավարության տարածած լուսանկարում երևում է աշխատանքային սեղանի վրա դրված անձեռոցիկը, հետին պլանում ԱՄՆ դրոշը, բայց բացակայում է ՀՀ դրոշը:
Թե ինչու նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին ու ինչու չկար մեր երկրի դրոշը՝ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ, Alpha News-ի հետ զրույցում վերլուծել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
«Ամերիկյան մեդիան չի լուսաբանել Հայաստանի ղեկավարի այցը Վաշինգտոն: Որևէ տեղ գրված չէ այդ մասին, միայն հայկական աղբյուրներն են գրում այցի մասին: Սա վերջին րոպեին պատրաստված այց էր, որևէ պաշտոնական հանդիպումներ չեն նախատեսվել: Նիկոլ Փաշինյանը վերջին րոպեին փորձեց օգտագործել կրոնական համայնքը, կրոնական լիդերներին, որոնց մի մասը աղանդներ են, որպեսզի կոնտակտներ գտնի Թրամփի ադմինիստրացիայում:
Որպես երկրի ղեկավար, որպես պաշտոնատար անձ՝ նրան չհաջողվեց հանդիպել Դոնալդ Թրամփի հետ: Նա հնարավորություն ունեցավ նկարվելու փոխնախագահի հետ, բայց որևէ արդյունք մենք չտեսանք այդ նկարներից: Նա սիրում է նկարվել, Էրդողանի հետ էլ էր նկարվել, Մոսկվայում էլ էր նկարվել»,- նշել է քաղաքագետը:
Խաչիկյանի խոսքով՝ սա ամերիկյան կողմից ցուցիչ էր, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդական պաշտոնյա է՝ հակառակ դեպքում Թրամփը կհանդիպեր նրա հետ:
«Որպես երկրի առաջին անձ, ըստ դիվանագիտական արարողակարգի, նրան պետք է հանդիպեր այդ երկրի առաջին անձը: Փոխնախագահի հետ հանդիպումը նշանակում է, որ նա երկրորդական, երրորդական ստատուս ունի»,- հավելել է Արթուր Խաչիկյանը:
Քաղաքագետը հիշեցրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ու նշել, որ անգամ դրա ստորագրումից հետո Հայաստանը չարժանացավ պաշտոնական որևէ այցի կամ հանդիպման:
Խաչիկյանը հռետորական հարց է տվել՝ ով է հասկանում այս կառավարության վարած արտաքին քաղաքականությունը:
«Դուք ինքներդ ինչ-որ բան հասկանո՞ւմ եք այս կառավարության վարած արտաքին քաղաքականությունից: Մի օր գնում են Մոսկվա, ներողություն խնդրում իրենց ասածների համար, հաջորդ օրն էլ գնում են Վաշինգտոն, էլի Ռուսաստանի մասին բացասական բաներ ասում: Սա ի՞նչ արտաքին քաղաքականություն է»,- ասել է Արթուր Խաչիկյանը:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա քաղաքագետը կարծում է, որ Իսրայելը Ադրբեջանին, որպես դաշնակից, կօգնի շուտ լուծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
«Շատ հնարավոր է, որ Իսրայելն, ունենալով բացարձակ ազդեցություն Վաշինգտոնում, հիմա Ադրբեջանի խնդրանքով կարող է Զանգեզուրի հարցը լուծել՝ ի շահ Ադրբեջանի ու Թուրքիայի, քանի որ նրանք ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակիցներն են»,- ընդգծել է Արթուր Խաչիկյանը: