Փաշինյանը Բաքվին է փոխանցել Ղարաբաղի իշխանությունը՝ Ադրբեջանը կարող է անել ամեն ինչ. Եվգենի Սատանովսկի
28 Հունիսի 2023, 16:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում բացարձակ իշխանությունը փոխանցել է Բաքվին, և իր տարածքում Ադրբեջանը կարող է անել ամեն ինչ։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մերձավոր Արևելքի ինստիտուտի» հիմնադիր նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել Ռուսաստանը կամ հայկական կողմն ինչ սպասի Մոսկվայից այն առումով, որ Ադրբեջանը չորեքշաբթի առավոտյան Լեռնային Ղարաբաղի տարածքում ԱԹՍ է կիրառել, և հայկական կողմն ունի 4 զոհ:
«Ի՞նչ սպասել Ռուսաստանից: Ես չգիտեմ, ճիշտ այնպես, ինչպես չգիտեմ, թե ինչ սպասի Ռուսաստանը Հայաստանից։ Առայժմ այն ամենը, ինչ սպասում էր Ռուսաստանը Հայաստանից, չի իրականացել։ Նախագահ Ալիևի կողմից ասվել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Վարչապետ Փաշինյանի կողմից ասվել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
Վերջ: Այսինքն, Ադրբեջանն իր տարածքում կարող է անել ամեն ինչ։ Փակելով Ղարաբաղի թեման, իսկ Նիկոլ Փաշինյանը փակեց Ղարաբաղի թեման, նա այդ տարածքներում բացարձակ իշխանությունը փոխանցեց Բաքվին։ Դա պետք է հասկանալ։ Բոլոր պահանջներն ու հարցերը՝ Փաշինյանին», – ասել է նա ։
Փորձագետի կարծիքով՝ հարցը, թե ինչ կարող է անել Մոսկվան, կախված է կոնկրետ իրավիճակից, և այն պետք է ուղղել խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը:
«Բայց, միևնույն ժամանակ, ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի ավարտից հետո ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն երկարաձգի այդ ժամկետը։ Խաղաղապահներն անում են այն, ինչ կարող են։ Այն, ինչ չեն կարող, նրանք չեն անի:
Այնտեղ Ադրբեջանի տարածք կա, այնտեղ այլևս զինծառայողներ չկան՝ որեւէ, այդ թվում ՀՀ պաշտոնական տեսանկյունից, որը արտահայտել է ՀՀ վարչապետ Փաշինյանը, նշելով, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Փաշինյանին հարց տվեք՝ նա ճանաչե՞լ է Ղարաբաղը, նա ճանաչե՞լ է Ղարաբաղի զինծառայողներին։
Փաշինյանը նրանց լքեց և դավաճանեց, ի՞նչ եք ուզում այս դեպքում ռուս խաղաղապահներից։ Ռուս խաղաղապահները հետևում են, որ չկոտորեն այնտեղ ապրող ամբողջ քաղաքացիական բնակչությանը», — խոսքը եզրափակել է Սատանովսկին։