Փաշինյանը բառացիորեն բոլորին խաբում է․ Իգոր Սեմենովսկի

14 Նոյեմբերի 2025, 23:10

Քաղաքականություն

ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքագետ Իգոր Սեմենովսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես նաև ՌԴ-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում ստեղծված իրավիճակը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանն ավանդաբար եղել է Հայաստանի դաշնակիցը և պաշտպանել է նրա շահերը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարը բավականին անհետևողական, հակասական, կեղծավոր դիրքորոշում ունի։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե արդյոք Ռուսաստանն ազդել է, օգնել կամ չի օգնել, և որքանով է Ռուսաստանը մեղավոր Փաշինյանի օրոք Հայաստանի դժբախտությունների համար, ռուսական իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները, իհարկե, բավականին կեղծավոր են։ Որովհետև հենց Փաշինյանի գործողությունները հակառակն են ապացուցում։ Սկսած հայ հասարակության և հայ պետականության ազգային ինքնության ջնջումից, ներառյալ Ղարաբաղի փաստացի կորուստը, և վերջացրած վերջին հայտարարություններով, թե՝ «Ալիևն ասում է՝ ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան, բայց եթե հայերը վերադառնան Ղարաբաղ, դա անմիջապես կոնֆլիկտ է և նոր խնդիր Հայաստանի համար»։ Աբսուրդային քաղաքականություն է»,- ասել է Սեմենովսկին։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերն է։ Դա վերաբերում է նաև հումանիտար և ռազմատեխնիկական համագործակցությանը։

«Մենք տեսնում ենք, որ այսպես կոչված դիվերսիֆիկացիայի մասին խոսքերի տակ հաճախ թաքնված է վերակողմնորոշումը, որը հաճախ գործում է ի վնաս հայկական պետությանը, հայկական բյուջեին, էներգետիկային, ինչպես նաև հայկական ինքնիշխանությանը։ Ռուսաստանն ավանդաբար եղել է Հայաստանի դաշնակիցը, հաշվի է առել նրա շահերը հարևանների հետ փոխհարաբերություններում, փորձել է պաշտպանել և՛ քրիստոնեական արժեքները, և՛ Հայաստանի տնտեսական հնարավորությունները։ Ուստի, եթե առաջնորդը հայտարարում է ինչ-որ հացահատիկային կամ պարենային մատակարարումների դիվերսիֆիկացիայի մասին, ապա ինչո՞ւ չասել գազի ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին։ Ինչու չհայտարարել, որ գազ կմատակարարենք Նորվեգիայից կամ Կատարից։ Օդով, եթե ոչ ծովով։ Պետք է լինել հետևողական, իսկ դա մենք չենք տեսնում։

Սա, ցավոք, Նիկոլ Վովաևիչի կառավարման առանցքային միտումն է. նա բառացիորեն բոլորին խաբում է։ Ցավոք, պարտվողը ոչ թե արտաքին խաղացողներն են, այլ հայ ժողովուրդը, որը տեսնում է բյուջեի դեֆիցիտը, կենսամակարդակի անկումը, հանցավորության աճը։ Այս ցուցանիշներով է պետք դատել՝ ում հետ համագործակցել և ինչ քաղաքականություն վարել, այլ ոչ թե բոլոր դժբախտությունների համար Ռուսաստանին մեղադրել»,- նշել է փորձագետը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը չի ձգտում մեկուսացնել ինչ-որ մեկին, այլ կողմ է միավորմանը և ընդհանուր անվտանգության տարածքին։

«Ուկրաինայում հակամարտությունը խթանել է Ռուսաստանի հարաբերությունների դիվերսիֆիկացիան եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ։ Հասկանալի է, որ Ռուսաստանի համար իսկապես դժվար է։ Որքան էլ իշխանություններն ասեն, որ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն, բայց դրանք դժվարություններ են ստեղծում։ Պետք է խոստովանել, որ Ռուսաստանի ռեսուրսները կենտրոնացված են Ուկրաինայում, ուստի միշտ չէ, որ հնարավորություն կա լիարժեք բազմավեկտորային կուրս վարել՝ լուծելով Ռուսաստանի Դաշնության խնդիրները Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում։

Երբ ամեն ինչ ավարտվի (ըստ երևույթին, այս գործընթացն այլևս մոտ է, ելնելով ռազմաքաղաքական, ռազմավարական և տնտեսական ներուժից), Ռուսաստանը կվերադառնա և կդնի որոշակի պայմաններ և շրջանակներ, որոնցում պատրաստ է համագործակցել հետագայում։ Կամ կգործի այլ պայմաններով, երբ Ռուսաստանն այլևս շահագրգռված չլինի համատեղ աջակցությամբ և նորից կդառնա լիովին ինքնուրույն։

Հասկանալի է, որ կա ընդհանուր շրջանակ, որտեղ Ռուսաստանը չի ձգտում մեկուսացնել ինչ-որ մեկին։ Մենք, ընդհակառակը, ասում ենք, որ կողմ ենք միավորմանը, ԵՄ գործընկերների հետ առևտուր անելուն և ընդհանուր՝ մշակութային-հումանիտար, անվտանգության ոլորտում ընդհանուր տարածք ստեղծելուն։ Եվ այս առումով հենց Ռուսաստանը չի ձգտում ճնշել, օրինակ, այլախոհությունը»,- նշել է փորձագետը։

Հիմա եթերում