Փաշինյանը չի կարող ՀՀ քաղաքացիներին ապացուցել, որ Ադրբեջանին հանձնվելը լավ բան է. Անդրեյ Պերլա
04 Սեպտեմբերի 2025, 23:00
Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Վաշինգտոնում ձեռք բերված Երևանի և Բաքվի պայմանավորվածությունների տարբեր մեկնաբանությունները:
Փորձագետի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ այն, ինչ նա ստորագրել է Վաշինգտոնում և այն, ինչ նա պարտադրում է Հայաստանին, հսկայական հակազդեցություն է առաջացնում:
«Երկրի բնակչության մեծ մասին Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող ապացուցել, որ Ադրբեջանին հանձնվելը լավ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը լավ է, որ իր տարածքի մի մասը, տվյալ դեպքում Սյունիքի մարզը, մասամբ միջազգային նախագծի համար հանձնելը լավ է։ Դրա համար Փաշինյանը ստիպված է այլ բան ապացուցել. որ իրականում նա բազմավեկտոր է, որ իր կողմից իրականացվող նախագիծը ձեռնտու է Հայաստանին, որ այդ նախագծով շահագրգռված է ոչ միայն Թուրքիան, այլև, օրինակ, Չինաստանը։
Իսկ Ալիևը դրա կարիքը չունի և, առավել ևս, կարիք չունի Փաշինյանի հետ խաղալու։ Ալիևը բոլորովին այլ խնդիր ունի՝ այնպես անել, որ Փաշինյանը կատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները։
Հետևաբար, կողքից նայելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք կարծես չեն հասկանում միմյանց: Իրականում նրանք բոլորը հիանալի հասկանում են ամեն ինչ», — ասել է Պերլան։
Ըստ նրա՝ այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, իսկապես կարող է հանգեցնել նրան, որ «Զանգեզուրի միջանցք»-ի գոյությամբ շահագրգռված կլինեն ոչ միայն Թուրքիան, այլև Չինաստանը։
«Եթե դա տեղի ունենա, ապա մենք կստանանք զգալիորեն այլ աշխարհաքաղաքական դասավորվածություն, քան ունեինք մինչ այժմ», — եզրափակել է Պերլան։