Փաշինյանը չպետք է թույլ տար, որ հայտարարության մեջ տեղ գտներ Աղդամի մասին պարբերությունը. Արցախի պատգամավոր
20 Հուլիսի 2023, 12:45
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն անընդունելի է համարում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որում նա կարեւորել էր Ադրբեջանի պատրաստակամությունը` Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովել Արցախ:
«Շառլ Միշելի հայտարարությունը երկակի ստանդարտների ու ցինիզմի շրջանակում էր, որովհետեւ մենք չենք խոսում, որ մեզ պետք է օգնություն տրամադրեն, մենք ասում ենք, որ պետք է Լաչինի միջանցքը բացվի, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված է, որ պետք է աշխատի եւ մենք սնունդ, վառելիք մեզ համար գնենք, մեր աշխատած գումարով ընտանիք պահենք, եւ ոչ թե մեզ մեզ ուտելու բան տան, որ մենք սովից չմեռնենք: Բնական է՝ ադրբեջանական գազը ստիպում է Շառլ Միշելին խոսել ցանկացած բանի մասին, ինչ կլինի Իլհամ Ալիեւի սրտով: Բայց տարակուսելի է, որ Հայաստանի իշխանություններն իմանալով, որ այդ տարբերակն անընդունելի է, կարծում եմ, որ նաեւ իրենց համար է անընդունելի, չեն կարողանում բանակցային սեղանին հասնել գոնե նվազագայունին, որ հայտարարության մեջ նման անհեթեթություններ չհնչեն: Փաշինյանը բանակցային սեղանին չպետք է թույլ տար, որ հայտարարության մեջ տեղ գտներ Աղդամի վերաբերյալ պարբերությունը եւ սրանով փորձ չարվեր հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի եւ այդ ճանապարհի միջեւ, որովհետեւ Լաչինի միջանցքը հստակ կարգավաիճակ ունի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված է եւ այդ միջանցքի դիմաց մենք գին ենք վճարել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց արցախցի պատգամավորը:
Արցախում ըստ պաշտոնյայի՝ իրավիճակը ծայրահեղ ծանր է, նախագահն ու խորհրդարանի նախագահը շարունակում են մի քանի օր առաջ սկսված նստացույցը, որով փորձում են միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախի ծանրագույն իրավիճակի շուրջ:
Արամ Հարությունյանի խոսքով՝ իրենց հաջողվել է ուշադրություն գրավել, բայց արձագանքները բավարար չեն, իրավիճակից դուրս գալու լուծումներ չկան:
Իսկ ի՞նչ են պատրաստվում անել այս դեպքում: Ի պատասխան` արցախցի պաշտոնյան կրկնեց Արցախի նախագահի խոսքերը, թե հասանելի գործիքակազմի շրջանակում հաջորդ շաբաթ փորձելու են ծայրահեղ քայլերի դիմել, իսկ թե որոնք են այդ ծայրահեղ միջոցները, Հարությունյանը չհստակեցրեց:
Պատգամավորի փոխանցմամբ՝ վաղը նախատեսված է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որում հայտարարություն կընդունվի:
Հիշեցնենք՝ արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին:
Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: