Փաշինյանը և իր կառավարությունը իրականացրել են Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը. Ռաֆայել Օրդուխանյան

12 Հուլիսի 2024, 22:00

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերություններին, ինչպես նաև կարծիք է հայտնել, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու Իրանի նորընտիր նախագահը։

Ըստ փորձագետի՝ Ամերիկան շահագրգռված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատմամբ։

«Հիմա, երբ Փաշինյանը (ՀՀ վարչապետը) բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, բնական է, որ սուրբ տեղը երբեք դատարկ չի լինում և դա լցվում է այլ երկրների քաղաքական գործիչներով, առաջին հերթին՝ Անգլիայով և ԱՄՆ-ով։ Այդ հանդիպումը պետք է դիտարկել բացառապես այդ համատեքստում։ Ես չեմ կարծում, որ Ամերիկան շահագրգռված է իրական խաղաղության հաստատմամբ, բայց Ռուսաստանից հետո ազատված տեղը զբաղեցնելը, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ վարում է Փաշինյանը, այժմ միանգամայն նորմալ է ԱՄՆ-ի համար»,- ասել է Օրդուխանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը և իր կառավարությունը իրականացրել են Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը՝ Հայաստանի պետականության կորուստը։

«Փաշինյանն ու իր կառավարությունը իրականացրել են Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը՝ Հայաստանը կորցնում է իր պետականությունն ամբողջությամբ։ Այն գործողությունները, որոնք արվում են արտաքին քաղաքական պարագծում, չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Հայ ժողովուրդը թիկունքից հարված ստացավ հենց իր ընտրած ղեկավարությունից։ Բայց ուզում եմ նշել, որ «Gallup International»-ի սոցհարցման տվյալների հիման վրա Փաշինյանի կառավարությունը ներկայումս չի վայելում ժողովրդի աջակցությունը։ Կարող եմ ասել, որ հարցվածների միայն 10%-ն է պատրաստ շրջել Արցախի էջը, այսինքն՝ փակել այս թեման։

Մնացած բոլորը կողմ են Արցախի վերադարձին, Արցախի բացարձակ անկախ կարգավիճակին։ Նույնը վերաբերում է Սահմանադրությանը, միայն 3 տոկոսից մի փոքր ավելին է հավանություն տալիս նոր Սահմանադրության ընդունմանը, որը Փաշինյանի շրջապատը փորձում է պարտադրել հայ ժողովրդին»,- ասել է Օրդուխանյանը։

Անդրադառնալով Մակրոն-էրդողան հանդիպմանը, քաղաքագետը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էմանուել Մակրոնը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության հարցը, և այնտեղ լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել։ «Եվ արդեն Մակրոնի կողմից նման ռազմատենչ հռետորաբանություն չկա՝ ելնելով այն ընդհանուր իրավիճակից, որում այժմ գտնվում է Ֆրանսիան։ Մակրոնը հիմա փաստացի կաղ բադ է, որը նույնպես հեռանում է Հայաստանից։ Խոսքը վերաբերում է այն հարցին, թե ում կողմից պետք է առաջնորդվի Հայաստանը:

Դեռ ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանում էյֆորիա էր, լրատվամիջոցներում գրում էին, որ Ֆրանսիան մեզ հետ է։ Իսկ հիմա Ֆրանսիան միանգամայն հանգիստ պայմանավորվում է Թուրքիայի հետ, Թուրքիան պայմանավորվում է Ամերիկայի հետ, իսկ Ադրբեջանը վաղուց պայմանավորվել է Թուրքիայի հետ, և ահա հիմա այդ ամբողջ քաղաքական «կոմպոտը» որոշելու է Հայաստանի ճակատագիրը։ Թուրքիան այժմ կամրապնդի այն հաջողությունը, որը ձեռք է բերվել և հետագայում ավելի վատ կլինի։ Ղարաբաղը միայն սկիզբն է։ Փաշինյանն ինքն է կործանում իր երկիրը։ Նա ուզում է շրջել Արցախի էջը, որպեսզի մնա իշխանության»,- ընդգծել է Օրդուխանյանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ըստ փորձագետի, Հայաստանը լավագույն բարեկամից վերածվել է թշնամու։

«Եթե նախկինում գոնե ինչ-որ չափով երևում էր Մոսկվայի ձեռքը, որը փորձում էր ինչ-որ կերպ պաշտպանել Հայաստանի շահերը, ապա այժմ Հայաստանն ինքնուրույն է։ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, դուրս կբերի իր ռազմաբազան Հայաստանից։ Փաշինյանն այժմ նոր տերեր ունի, և, որքան ես կարող եմ դատել, ոչ ոք, գոնե ներկա վիճակում, Հայաստանին դաշնակից չի համարում։

Հայաստանն այլևս բարեկամ չէ, Հայաստանը թշնամի է: Ես կարծում եմ, որ Փաշինյանի դիրքորոշումը թշնամական է Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանը շատ համբերատար է, ուստի կտրուկ շարժումներ չի անի, մանավանդ որ այստեղ հայկական մեծ սփյուռք է ապրում։ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու բարեկամն էր բոլոր առումներով։ Սա արտացոլվեց արտաքին առևտրի, էներգիայի գնի և տարբեր իրերի վրա։ Եվ հիմա, ի պատասխան, Ռուսաստանը նման թշնամական վերաբերմունք ստացավ Հայաստանից։ Հայաստանը լավագույն բարեկամից դարձավ թշնամի»,- եզրափակել է Օրդուխանյանը։