Փաշինյանը Եվրոպայի քավորությամբ Արցախը հանձնեց՝ հանուն ոչնչի. Տիգրան Քոչարյան
28 Հունվարի 2025, 10:30
Հունվարի 26-ին Բելառուսի նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո օտարերկրյա և բելառուս լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Արցախյան պատերազմի արդյունքը Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Ինչպես նշել էր Լուկաշենկոն, ինքն ու Պուտինն ապշել էին, երբ լսել են, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ի եթերում զրուցել ենք մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ։
«Լուկաշենկոն այն կերպարն է, որ էմոցիաների տակ կարող է ինչ-որ բան ասել, որոնք այլ մարդիկ չեն ասել, կամ գերադասում են իրենց մեջ պահել։ Այդպիսի տպավորություն է նաև հիմա, որովհետև ես այդ հարցի պատասխանի նախապատմությունը լավ գիտեմ, հարցը բոլորովին այլ բանի մասին էր։ Բայց Լուկաշենկոն տաքացավ և ասաց այն, ինչ բոլորս լսեցինք։ Հետաքրքիրն այն է, որ իր ասածը բացահայտում չէր, բայց խոսելու ձևն էր բացահայտում, քանի որ Պուտինը ժամանակին ասել էր՝ Փաշինյանն է գնացել, ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, բայց Լուկաշենկոն դա վերահաստատեց, ասաց՝ ես զանգեցի Պուտինին, նա ևս ապշած էր Փաշինյանի այդ որոշումից»,- նշել է Քոչարյանը։
Նա իր խոսքում ընդգծել է, որ Եվրոպայի քավորությամբ Արցախը դատարկվել է, և այն հանձնվել է հանուն ոչնչի։
«Այսինքն՝ այսքանից հետո մի քանի հարց փակվում է այս հարցի շուրջ։ Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն ինչ արել է, արել է Պուտինի կամքով, քանի որ մեզ մոտ որոշակի ընդդիմադիր փորձագետներ կան, որ բոլորիս մինչ օրս համոզում են՝ Նիկոլը Պուտինի շպիոնն է, և ամեն ինչ անում է Պուտինի հետ համաձայնեցված։ Իսկ երկրորդն այն է, որ նա ասաց՝ Ալիևը համաձայն է, որ Հայաստանն ինչ-որ ազդեցություն ունենա Արցախում։ Այսինքն՝ Արցախի ստատուսի որոշակիություն կար։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը, կոպիտ ասած, հանձնեց Արցախը ամեն ինչով, երբ նույն Ալիևը պատրաստ էր իր կողմից որոշակի զիջումների գնալ ստատուսի հետ կապված։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի կամքով՝ Բորելի, Մակրոնի և մնացածների կամքով գնաց և Արցախը հանձնեց՝ հանուն ոչնչի։ Մենք փաստացի ունենք մի բան, որ Եվրոպայի քավորությամբ Արցախը դատարկվեց։ Եվ շատերն են ասում՝ այն, ինչ խոստացել էր Եվրոպան Փաշինյանին, իրենք փաստացի դա չարեցին»,- եզրափակել է Քոչարյանը։