Փաշինյանը գործը տանում է դեպի ՀԱՊԿ-ից դուրս գալը․ Բորիս Ռոժին
05 Դեկտեմբերի 2024, 21:30
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն իրեն դուրս է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, վերադարձը «գնալով դժվարանում է, եթե չասենք՝ անհնար է դառնում»:
«Փաշինյանը գործը տանում է դեպի ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց ուզում է այնպես անել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մեջ մեղադրի Ռուսաստանին և ՀԱՊԿ մյուս անդամներին։ Թեև ակնհայտ է, որ սա Փաշինյանի գլխավոր կուրսն է։ Այս մասին խոսվում էր դեռ շատ վաղուց։ Եվ նա տեսավ, որ այդ ռազմավարությունը հաջողությամբ իրականացվում է։ Հետագայում շարունակվելու է ՀԱՊԿ-ում Հայաստանի ցանկացած մասնակցության սաբոտաժը և, համապատասխանաբար, այն որոշումների ընդունումը, որոնք այդ ելքն անխուսափելի են դարձնում։ Ռուսաստանը կփորձի այս կամ այն կերպ խանգարել դրան, բայց եթե Հայաստանը պետական մակարդակով սաբոտաժի ենթարկվի, դա դժվարացնելու տարբերակները չափազանց քիչ կլինեն։ Առավել ևս՝ Արևմուտքը Փաշինյանին բացահայտ դրդում է դրան։ Փաշինյանի խնդիրը հենց Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելն է։ Եվ նա արդեն անցել է այս առաջադրանքի իրականացման ճանապարհի մի մասը։ Դա սպառնում է Հայաստանին հետագա տարածքների կորստով, մասնավորապես, Հայաստանի հարավային տարածքի, հատկապես Ադրբեջանի և Նախիջևանի միջև ընկած հատվածի», — ասել է Ռոժինը։