ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Փաշինյան

28 Փետրվարի 2024, 19:19

Քաղաքականություն

Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, թե հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ հարցը ծագել է այն համատեքստում, երբ ՀԱՊԿ-ն առաքելություն է գործուղել ՀՀ,  և այդ գործողությունների, ուսումնասիրությունների արդյունքում պետք էր տալ իրադրության գնահատական.

«Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերնրեը հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում գործունեությունը «սառեցնելու» վերաբերյալ իր հայտարարությանը, Փաշինյանը մանրամասնեց.

«Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնացենք»,-ասել է Փաշինյանը։