Փաշինյանը ՀԱՊԿ-ն ի սկզբանե փակուղային էր համարում Հայաստանի համար․ Վլադիմիր Կիրեև

05 Դեկտեմբերի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն իրեն դուրս է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, վերադարձը «գնալով դժվարանում է, եթե չասենք՝ անհնար է դառնում»:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն աստիճանաբար նվազեցրել է Հայաստանի կախվածությունը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։

«Փաշինյանը հայտնի էր իր հայացքներով դեռ իշխանության գալուց առաջ։ Նա կարծում էր, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի բխում Հայաստանի ռազմավարական շահերից, և որ Հայաստանի ապագան արևմտյան դաշինքների, տնտեսական, քաղաքական և ռազմական դաշինքների հետ ինտեգրումն է։ Իսկ նախկին հետխորհրդային երկրները կարող են մնալ որպես գործընկերներ, բայց ոչ հիմնական, այլ ինչ-որ տեղ ծայրամասում։ Նա ամենասկզբից խոսում էր այն մասին, որ ՀԱՊԿ-ը ձեռնտու դաշինք չէ Հայաստանի համար, որը փակուղի է և ավելի շուտ Հայաստանին ձգում է դեպի անցյալ: Եվ քայլ առ քայլ իշխանության գալով՝ նա աստիճանաբար նվազեցրեց Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն բլոկներից՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միություն)», — ասել է Կիրեևը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի հարցն առավել սուր էր դրված, քանի որ հենց այս դաշինքն է գայթակղիչն Արևմուտքի հետ հարաբերություններում։

«Հենց ռազմաքաղաքական դաշինքն ամենաանընդունելին էր Արևմուտքի համար Հայաստանի անդամակցության տեսանկյունից և խոչընդոտ հանդիսացավ Հայաստանի և արևմտյան ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցության և գործընկերության զարգացման համար։ Սակայն այդ հարաբերություններն անմիջապես խզել հնարավոր չէր, քանի որ Հայաստանի ուժային բլոկը համոզված էր, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք գոյություն չունի, և առանց կազմակերպության Հայաստանն անպաշտպան կմնա Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դեպքում», — եզրափակել է Կիրեևը։