Փաշինյանը Հայաստանը վերածել է հակառուսական գործիքի ու հանել աճուրդի․ Ալեն Ղևոնդյան

17 Դեկտեմբերի 2025, 21:12

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Alpha News-ի եթերում վերլուծել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Կայա Կալասի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Եվրոպայից օգնություն է խնդրել 2026թ. ընտրություններին ընդառաջ։

Ղևոնդյանի կարծիքով՝ իշխանությունները գիտակցում են, որ իրենց հեղինակությունը պատմական մինիմումի վրա է գտնվում, և գոյաբանական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է փող և վարչական ռեսուրս։

«Գործող իշխանություններն ունեն գոյաբանական և ֆիզիկական անվտանգության խնդիր։ Այս իմաստով նրանք հասկանում են, որ մի օրվա մեջ կարող են զրկվել իշխանությունից, ինչը կարող է խիստ խնդրահարույց իրավիճակներ ստեղծվել»,- ասել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ որևէ մեկը չի խոսում Հայաստանի շահի կամ անվտանգության մասին։ Ըստ նրա՝ Փաշինյանը Հայաստանը հանել է աճուրդի՝ վաճառելով այն Եվրոպային որպես հակառուսական գործիք։

Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ օգնությունը լինելո՞ւ է Փաշինյանի վերարտադրման համար, Ղևոնդյանն ասել է․ «Եվրամիությունն ասում է՝ մենք ձեզ վճարելու ենք, որպեսզի դուք վերարտադրվեք, դուք էլ պետք է ծառայություններ մատուցեք մեզ՝ ընդդեմ Ռուսաստանի և ընդդեմ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության»։

Նա զուգահեռներ է անցկացրել Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միջև՝ ԵՄ քաղաքականության համատեքստում և նշել․ «Այս ճանապարհը կարող է հանգեցնել պետականության կորստի կամ մասնատման։ Մեզ օգտագործելու են, հետո դեն են նետելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք դեն նետված պետությունների ճակատագիրը. դրանք կամ դադարում են գոյություն ունենալ, կամ մասնատվում են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում