Փաշինյանը հիստերիա սկսեց ու ասաց այն, ինչ իրականում մտածում է արցախահայերի մասին. Արցախի պատգամավոր

26 Հուլիսի 2023, 17:20

Քաղաքականություն

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չէր էլ սպասում, որ Հայաստանի վարչապետը նախօրեին տեղի ունեցած ասուլիսին կպատասխանի իր հարցին:

«Դա ցինիկ պատասխան էր, որովհետեւ Հայաստանում կա ղեկավար, ով տառապում է աստղային հիվանդությամբ ու համարում է, որ Հայաստանի պետական բյուջեն իր գրպանում է եւ այն իր, իր տիկնոջ, ընտանիքի ու իր թիմակիցների համար է: Ինքը մատ էր թափ տալիս, որ ինչ-որ մի օր աջակցություն չի տա Արցախին ու ասեմ, որ երեք տարի է՝ ինքը դրանով շանտաժ է անում Արցախի իշխանություններին, որ կզրկի Արցախին գումարից, այն դեպքում, երբ Հայաստանում ձեւավորվում է Արցախի բյուջեն եւ դա Հայաստանի կառավարության բարի կամքի դրսեւորումը չէ, որն ինքը կատարում է: Իսկ այն ավել գումարը, որը բացի ձեւավորված բյուջեից տրամադրվում է Արցախին՝ ձեւակերպվում է որպես միջպետական պարտք, հետեւաբար մատ թափ տալու կամ բարի կամքի մասին խոսք լինել չի կարող: Հասկանալի է, որ ինքն դա արեց իր ընտրազանգվածի համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Մետաքսե Հակոբյանն իր հարցում մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին պատերազմ հրահրելու, հազարավոր զոհեր ունենալու եւ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Նա արգելել էր Նիկոլ Փաշինյանին չեղարկել կամ կասկածի տակ դնել արցախահայության ինքնորոշման իրավունքը:

Ի թիվս այլնի, Փաշինյանն արձագանքելով արցախցի պատգամավորին, ասել էր, թե նրանց աշխատավարձը, հետեւաբար նաեւ խոհանոցի պարունակությունն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը:

Մետաքսե Հակոբյանի տպավորությամբ՝ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վրդովվել էր արցախցիների հարցերից, որոնց ժամանակ չթաքցրեց իր վերաբերմունքը նրանց նկատմամբ:

«Արցախցիների, այդ թվում՝ իմ հնչեցրած հարցերի պատասխանները ցույց տվեցին, թե ինչ մեծ ատելություն ունի Հայաստանի վարչապետը Արցախի ու արցախահայերի նկատմամբ, որովհետեւ մինչեւ մեր հարցերի հնչելը՝ Փաշինյանը հանգիստ, ադեկվատ պատասխանում էր հարցերին, իհարկե խորամանկելով, մանեւրելով: Մեր հարցերից հետո հիստերիա սկսվեց ու սկսեց ասել այն, ինչ իրականում մտածում է Արցախի ու արցախահայերի մասին»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի վարչապետին դուր չէր եկել նաեւ արցախցիների այն դժգոհությունը, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին իր կինը ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած բանջարեղենը:

Փաշինյանն այնքան էր բարկացել այդ խոսքերից, որ նույնիսկ հայտարարեց, թե «ոչինչ չեն խնայել Արցախի համար, 150 մլրդ դրամ են տրամադրել, գոնե աջաբսանդալի մատերիալ աճեցնեին»:

Մետաքսե Հակոբյանը հակադարձեց վարչապետին՝ Արցախում աճեցրել են ամեն ինչ, միայն թե դա արել են ադրբեջանական զինուժի նշանառության տակ, հիմա էլ Արցախի շրջափակման հետեւանքով վառելիքի բացակայության պատճառով չեն կարողանում իրացնել այն: