Փաշինյանը հմտորեն իր պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա. Բոգդան Բեզպալկո

04 Սեպտեմբերի 2023, 21:31

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի դեմ արած հայտարարությունները La Repubblica թերթին տված հարցազրույցում։

Բեզպալկոյի խոսքով՝ Հայաստանի վարչապետն իր պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա.

«Իմ կարծիքով՝ Փաշինյանը լավ քաղաքական գործիչ է, այն առումով, որ գիտի՝ ինչպես պահել իշխանությունը։ Հենց այս արվեստում իր ունակությունների շնորհիվ նա շատ հմտորեն իր պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի, Լաչինի միջանցքի և, ընդհանրապես, Կովկասի ճակատագիրը միայն Ռուսաստանից կախված չէ.

«Ռուսաստանն, իհարկե, շատ մեծ գործոն է, մեծ երկիր, որը շահագրգռված է Կովկասում կյանքի խաղաղ ընթացքով, բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղի, Լաչինի միջանցքի հարցերն առաջին հերթին Հայաստանի վարչապետի խնդիրն են, որն իշխանության եկավ պոպուլիզմի ալիքով, որը Ղարաբաղ գնաց ու հայտարարեց, որ այն Հայաստանն է, բայց հիմա էլ ստորագրում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք, ճանաչելու փաստաթղթեր»,- ասել էքաղաքագետը։

Փորձագետն ընդգծել է, որ այն ամենը, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, ուղղակի, պատասխանատվությունն իր վրայից Ռուսաստանի վրա գցել է։

«Ռուսաստանն, իհարկե, իր մեղքի բաժինն է կրում, բացառապես, այն առումով, որ չկարողացավ ինչ-որ կերպ աջակցել այն թեկնածուներին, ովքեր, չլինելով պոպուլիստ, իրականում կլուծեին թե՛ Հայաստանի, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի խնդիրները։ Հիմա, ցավոք, Ռուսաստանը սահմանափակել է այդ հնարավորությունները, այդ թվում՝ շնորհիվ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Կարծում եմ, որ ապագայում այս խնդիրը կարող է լուծվել, բայց առանց այս քաղաքական գործչի, առանց այս մարդու»,- եզրափակել է Բոգդան Բեզպալկոն։