Փաշինյանը ժողովրդին մոբիլիզացնելու ռեսուրս չունի․ Ռոբերտ Քոչարյան

06 Դեկտեմբերի 2025, 15:38

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե ունենար, ապա ԿԳԲ-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ՝ հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է և փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց ԿԳԲ-ն՝ կոմպրոմատներով, մարդկանց գտնելով, որոնց կարելի է այսպես պատին դեմ տալ և ասել՝ սա դու պիտի անես։ Վերջին զարգացումների մեջ փորձենք նաև լավ բան տեսնել։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինքը անկեղծ հավատացյալ է, պայքարում է Հայ առաքյալական եկեղեցու մաքրության համար, և ինքը դա անում է որպես պարզ քաղաքացի, հավատացյալ։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկվածն են, դա՞ է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար։

Այդ տեսանկյունից, այն պատկերը, ինչ-որ մենք տեսանք, ինքը քանդեց այն բացատրությունը, որով փորձում էր ներկայացնել իր շարժառիթները։ Ինքը ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, այլ պայքար է Հայ առաքելական եկեղեցու դեմ»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։