Ալիևին պետք է իր կողմից ամբողջությամբ վերահսկվող միջանցք, նրա նպատակը սա է․ Քոչարյան

02 Օգոստոսի 2025, 14:00

Քաղաքականություն

Ալիևը հույս ունի և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին զիջելու է։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնում է ամեն ինչի հետ, սկզբից մերժում է, հետո մի քայլ հետ է քաշվում, հետո 2 քայլ, հետո համաձայնում է ամբողջությամբ բոլոր պահանջների հետ։ Ալիևը, այո՛, հույս ունի և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին զիջելու է։ Ի՞նչ է զիջելու։ Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք։ Նպատակը սա է։ Այսինքն՝ նաև Հայաստանի տարածքով անցնող հատվածի ամբողջական վերահսկողություն։ Շատ պարզ ասել է, որ չպետք է տեսնի սահմանապահ, չպետք է տեսնի որևէ հայ ընդհանրապես»,- նշել է նախագահը։

Հարցին՝ ինչպես է Փաշինյանը ներքին լսարանին բացատրելու տեղի ունեցողը, Քոչարյանը ընդգծել է․

«Նիկոլ Փաշինյանը փայլուն ձևով բացատրում է ներքին լսարանին։ Սկզբից մի փոքր դոզայով, հետո դոզան մեծացնելով, հետո մեծացնելով։ Մեր աչքի առաջ Արցախը Հայաստան էր և վերջ, հետո պարզվում է, որ դա նշանակում է՝ Արցախ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Եվ այսպես շարունակ։ Հիմա ի՞նչ է ասում ներքին լսարանի համար։ Ասում է՝ մենք կորցրել ենք Արցախը, ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը»։

Հիմա եթերում