Փաշինյանը Մոսկվա է մեկնում Մերձավոր Արևելքում առկա ռիսկերի պատճառով․ Ասլան Ռուբաև

Քաղաքագետ, հետխորհրդային երկրների փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։

Փորձագետի խոսքով՝ այցը կրում է հարկադրված բնույթ և պայմանավորված է բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակով։

«Ինչ էլ լինի, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը առևտրի և անվտանգության ոլորտներում, և Փաշինյանը դեռևս այն վիճակում չէ, որ անտեսի այս օրակարգը, այս դիրքորոշումը և այս հարկադրված քայլը։

Նա բազմիցս փորձել է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, այն կառուցել եվրոպական չափանիշներով, նույնիսկ անվտանգության համակարգը ձևավորել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմնորոշմամբ, սակայն, հավանաբար, Եվրոպան և ԱՄՆ-ը դեռ պատրաստ չեն ընդունել և դիտարկել Հայաստանը որպես իրենց ռազմավարական գործընկեր։

Սա պայմանավորված է ինչպես ուկրաինական ճգնաժամով, այնպես էլ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով, քանի որ Հայաստանը սահման ունի Իրանի հետ։ Եվ Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ ամրապնդել արդեն ձևավորված հարաբերությունները Մոսկվայի հետ»,-նշել է Ռուբաևը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը ստիպված է այդպես վարվել, քանի որ հասկանում է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման լուրջ ռիսկեր կան։

«Եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա կլինի միգրանտների և փախստականների հսկայական հոսք, որը Հայաստանը չի կարողանա ընդունել և զսպել։ Բացի այդ, կա նաև տեխնածին աղետի վտանգ։ Այդ դեպքում, ինչպես միշտ, օգնության կարող է հասնել Մոսկվան, և Փաշինյանը դա հասկանում է, այդ պատճառով էլ մեկնում է աշխատանքային այցով Մոսկվա։

Հարավային Կովկասում քաղաքականությունը ևս ակտիվացել է՝ Ադրբեջանի գործոնի պատճառով, ինչը կարող է հակամարտությունը դուրս բերել տարածաշրջանային մակարդակի։

Այս պայմաններում Հայաստանի դիրքերը թույլ են, քանի որ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի ռազմավարական գործընկերը։ Եթե Ադրբեջանը ներքաշվի Իրանի դեմ պատերազմում, Հայաստանը կհայտնվի իրադարձությունների էպիկենտրոնում, և իրավիճակը նրա համար կդառնա շատ բարդ։

Այստեղ կրկին առաջանում է Ռուսաստանի հետ համագործակցության հարկադրված անհրաժեշտությունը։

Կարծում եմ՝ այցի ընթացքում կարող են քննարկվել նաև այլ հարցեր, հնարավոր է՝ հստակեցվի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ինչպես նաև փորձ արվի ավելի շահավետ պայմաններ ձեռք բերել ԵԱՏՄ շրջանակում։ Տեսնենք, թե ինչ արդյունքներ կտա այցը», -ա եզրափակել է Ռուբաևը։