Փաշինյանը պարզել է՝ իր թիմը Գյումրիում շատ ցածր վարկանիշ ունի. Գագիկ Համբարյան
27 Նոյեմբերի 2024, 22:00
Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ և ընտրություն։ Այս մասին Alpha News-ի հետ զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց այս ամենը կազմակերպել, որովհետև, ինքն իր համար, ենթադրաբար, վերջնական պարզեց՝ իր թիմը Գյումրիում շատ ցածր վարկանիշ ունի։ Հատկապես ցածր վարկանիշ ունեն այն մարդիկ, որոնք ցանկանում են գալ իշխանության։ Երկրորդը, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի իրենց քաղաքական թիմի թիվ մեկ թեկնածու Կարեն Սարուխանյանին խաղից դուրս հանի»,- նշել է Համբարյանը։
Անդրադառնալով Կարեն Սարուխանյանի հետ կապված սկանդալին՝ նա նշել է. «Այս ամենը չեմ համարում, որ պատահական է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես համարում եմ, որ սա իշխանությունների կազմակերպած դիտավորյալ արտահոսքեր են, որի միջոցով փորձում են սևացնել Կարեն Սարուխանյանին»։
Միաժամանակ քաղաքագետն ասել է, մինչ օրս ՔՊ կուսակցությունից որևէ մեկը Գյումրու համար ոչինչ չի արել։
«Այն, ինչը չկարողացավ անել մարզպետը՝ արեց Կարեն Սարուխանյանն իր թիմով, և հիմա Նիկոլ Փաշինյանը ստանալով մաքսիմալը Կարեն Սարուխանյանի թիմից, նրան ասում է՝ ցտեսություն»,- նշել է Համբարյանը։