Փաշինյանը պետք է հեռանա, որ Հայաստանը մնա. Գոհար Կարապետյան

07 Մայիսի 2024, 23:00

Քաղաքականություն

Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:

Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:

Երթի մասնակից Գոհար Կարապետյանը նշել է, որ իրենց պահանջը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը։

«Մենք պահանջում ենք, որ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով ատում է Հայաստանը, Արցախը և hայոց բանակը, հեռանա։ Մենք 2018 թ-ից տեսնում ենք միայն մահ, պատերազմ, պարտություն և կորուստներ։ Նա պետք է հեռանա, որ Հայաստանը մնա։ Այսօր ամբողջ հայ ազգը պահանջում է նրա հրաժարականը»,- ասել է Գոհար Կարապետյանը։

Նա վստահ է, որ եկեղեցու շուրջ համախմբվելու դեպքում հայ ազգը կրկին կհաղթի։

«Մենք հաղթելու ենք, որովհետև բարին միշտ էլ հաղթում է։ Հայ Առաքելական եկեղեցին միայն լուսավոր էջեր է ունեցել, և հայ ազգը, հայ ժողովուրդը, համախմբվելով եկեղեցու շուրջ, միշտ հաղթանակել է, այսօր էլ է այդպես լինելու»,- նշել է երթի մասնակիցը։

Հիմա եթերում