Փաշինյանը, փորձելով պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, հիմա թիրախ է ընտրել Բելառուսին․ Ձերմանտ
13 Հունիսի 2024, 22:00
Ռուս-բելառուսական փորձագիտական ակումբի փորձագետ Ալեքսեյ Ձերմանտը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը կփոփոխի, եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն խնդրի:
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը փորձում է քաղաքական պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, այս դեպքում ընտրությունը կանգ է առել Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա:
«Բելառուսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանգիստ են ընդունել, չնայած մենք տեսնում ենք հիստերիայի որոշ նշաններ, որոնք նա ցուցադրում է վերջին մի քանի օրերին: Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դուրս է գալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, հետո սկսեցին ասել, որ իր ասածն այնպես չեն թարգմանել, այնպես չեն հասկացել, իսկ այսօր հարձակումն ընդդեմ Բելառուսի է։ Ինձ թվում է՝ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փաշինյանի համար այնքան էլ լավ չի դասավորվում, բողոքի տրամադրությունները մեծանում են, ընդդիմադիր դաշտում հայտնվել է հեղինակավոր առաջնորդ Բագրատ Սրբազանը, և այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի նախապատրաստման ֆոնին։
Իմ կարծիքով՝ ՀՀ վարչապետի այս քաղաքական շրջադարձները կարող են խորացնել պառակտումը հայ հասարակության մեջ, ինչն, իմ կարծիքով, տեղի է ունենում։ Հասարակությանը ինչ-որ կերպ միավորելու փոխարեն Փաշինյանը փորձում է քաղաքական պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, տվյալ դեպքում ընտրությունը կանգ է առել Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա, որին նա մեղադրել է Ադրբեջանին գրեթե սատարելու, Ադրբեջանին հաղթանակ մաղթելու և այլնի մեջ։ Նախ, հաղթանակն արձանագրվեց որպես փաստ և այստեղ խոսք չի գնում այն մասին, որ Լուկաշենկոն Հայաստանին պարտություն էր ցանկանում, որովհետև երկար ժամանակ Բելառուսը միջնորդ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի շուրջ բանակցություններում։ Հայկական կողմն այդ բոլոր առաջարկները, այդ բոլոր ջանքերը մերժել է։ Արդյունքում իրավիճակը հանգեցրեց պատերազմի, որում Հայաստանը պարտվեց։ Պարտության պատասխանատվությունը կրում է Փաշինյանը»,- նշել է Ձերմանտը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը դա հասկանում է, բայց փորձում է այդ պատասխանատվությունից հեռանալ, այն բարդել ՀԱՊԿ դաշնակիցների, ում ասես, միայն ոչ իր վրա, եւ այս դեպքում Բելառուսը ընտրվել է որպես թիրախ։
«Ուրիշներին մեղադրելու փոխարեն Փաշինյանն, այնուամենայնիվ, պետք է զբաղվեր սեփական երկրով, լեզու գտներ սեփական ժողովրդի հետ և չկատարեր քաղաքական շրջադարձներ, որոնք կարող են աղետի հանգեցնել», — եզրափակել է Ձերմանտը: