Փաշինյանը ռուսական ռազմաբազայի հեռացման վերաբերյալ կոշտ որոշումներ չի կայացնի․ Վլադիսլավ Շուրիգին
26 Հոկտեմբերի 2023, 21:40
Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուսական ռազմաբազայի վերաբերյալ:
Փորձագետի խոսքով՝ Փաշինյանն այդ հայտարարություններն անում է այն ակնկալիքով, որ Արևմուտքում դրանք կկարդան և անմիջապես կօգնեն Հայաստանին։
«Փաշինյանն, այս դեպքում, նման է խորամանկ երեխայի։ Բայց, եթե երեխայի կատարմամբ, դա հուզիչ է թվում, ապա 50+ հորեղբոր կատարմամբ՝ թշվառ և ծիծաղելի: Ակնհայտ է, որ նա չի ուզում և չի փորձում կտրուկ վերաբերվել Ռուսաստանին և հեռացնել նրան։ Նա առևտուր է անում՝ այդ հայտարարություններն անելով՝ այն հաշվարկով, որ Արևմուտքում դրանք կկարդան և միանգամից կօգնեն ու կաջակցեն։ Նա վաճառում է Ռուսաստանից հեռանալը։ Ինչո՞ւ, քանի որ այլևս վաճառելու բան չկա: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանն իր ներկայիս կարգավիճակում, Արեւմուտքի համար ընդհանրապես նշանակություն չունի», — նշել է Շուրիգինը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի՝ նման հայտարարություններին պետք է վերաբերվել քաղաքավարի անտարբերությամբ։
«Ես Փաշինյանի՝ նման հայտարարություններին վերաբերվում եմ հանգիստ և, ինչ-որ չափով, քաղաքավարի անտարբերությամբ։ Որովհետև, նախ, ինչպես արդեն ասացի, հեռացման վերաբերյալ կոշտ որոշումներ Փաշինյանը հաստատ չի անի, որովհետև հասկանում է, որ այդ ժամանակ, ընդհանրապես, կմնա առանց որևէ աջակցության՝ նույնիսկ նվազագույն։
Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ Փաշինյանն էլ հավերժ չէ։ Մենք, իհարկե, հասկացանք, որ Փաշինյանը, այնուամենայնիվ, հայ ժողովրդի ընտրությունն է, և մենք այդ դեպքում որևէ ոտնձգություն չենք կատարում այդ կամքի նկատմամբ, բայց հարցը ժամանակի մեջ ձգված է, ուստի, մենք, դժվար թե, ինչ-որ տեղ շտապենք» — եզրափակել է Շուրիգինը։