Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթը, որն իր մեջ չի ներառում հարցի հետագա լուծումը. Անդրանիկ Հովհաննիսյան
30 Սեպտեմբերի 2025, 23:48
Ի՞նչ կապ ունի մեր սուվերեն և անկախ պետության տարածքով անցնող ճանապարհը՝ Ադրբեջանի նախագահի ստորագրության հետ, այդ ի՞նչ իրավունք է նա ստանձնել։ Alpha News-ի հետ զրույցում նման հարցադրում է արել միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Oգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի մեջ առանձին կետով նշվում է այն ճանապարհը, որն անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Որևէ խնդիր չէր լինի, եթե այսպես կոչված «Թրամփի կամուրջ»-ը վերաբերվեր ոչ թե Սյունիքի մարզով անցնող ճանապարհին, այլ այն ամբողջ ճանապարհին, որը պետք է անցներ, օրինակ՝ ամբողջ Ադրբեջանի տարածքով։ Եթե սա վերաբերվեր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքներին, ապա որևէ խնդիր չէր առաջանա, որովհետև երկու կողմերն էլ կունենային հավասար կարգավիճակ այդ պայմանագրում։ Բայց երբ առանձին նշվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի կարգավիճակը, ապա դա բազմաթիվ հարցեր է առաջացնում, թե ի՞նչ կապ ունի մեր սուվերեն և անկախ պետության տարածքով անցնող ճանապարհն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրության հետ։ Էդ ի՞նչ իրավունք է ինքը ստանձնել, որ կանխորոշում է, թե ինչպիսի կարգավիճակ կամ ինչպիսի պետություններ պետք է ապահովեն անվտանգությունն այն ճանապարհի, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով»,- նշել է Հովհաննիսյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է առաջացնում։
«Երբ այլ ուժերի ես հրավիրում քո տարածաշրջան անվտանգությունն ապահովելու, սա արդեն իսկ խնդիրներ է առաջացնում։ Եթե դու մինչև վերջ քո հարաբերությունները չես կարգավորել այն պետության հետ, ում հետ ուզում ես խաղաղություն հաստատել, բայց փորձում ես ինչ-որ հարց առաջ բերել, ինչ-որ հարց հետ գցել, սա խնդիր է առաջացնելու հետագա անվտանգության համար։ Նիկոլ Փաշինյանը երբ ստորագրեց այդ փաստաթուղթը, նա տեսնում էր, որ այդ հարցերը մնացել են, չեն կարգավորվել։ Մենք կարող ենք համարել, որ պետության ղեկավարը ստորագրել է մի փաստաթուղթ, որն իր մեջ չի ներառում հետագա լուծումներ, այլ բազմաթիվ խնդիրներ և հարցեր է առաջացնում»,- եզրափակել է Հովհաննիսյանը։