Փաշինյանը տարիներ ի վեր թշնամական կեցվածք ունի մարդկանց հանդեպ․ Հարութ Սասունյան
31 Մայիսի 2025, 00:10
Որպես գերհզոր պետություն՝ ԱՄՆ-ն իր շահերն է հետապնդում աշխարհում, նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է լինել մեկը, ով կլուծի հարցեր, որոնք մինչ այժմ ոչ ոք չի լուծել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը՝ նա նշել է․
«Մի քիչ սկսել են զբաղվել հայ-ադրբեջանական հարցերով, սակայն շատ առաջընթաց չկա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Էրդողանի մասին Թրամփը մեծ կարծիքի է և շատ լավ կապեր է պահպանում, մանավանդ՝ Սիրիայի հարցով։ ԱՄՆ-ը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Իսրայելը, Սիրիան և Թուրքիան համաձայնության հասնեն։ Տեղեկացա, որ Սիրիան խաղաղության շուրջ անմիջական բանակցություններ է վարում Իսրայելի ղեկավարության հետ։ Հենց դա է Թրամփի նպատակներից մեկը, որ ինքը խաղաղություն բերի ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի համար»։
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ հարձակումների մասին, Հարութ Սասունյանն ասել է, որ դա 7-8 տարվա անցյալ ունի։
«Հենց առաջին օրվանից Փաշինյանը քննադատել է եկեղեցին, վեհափառին։ Վեհափառն էլ ժամանակ առ ժամանակ պատասխանում է նրան։ 2020-ի պատերազմից հետո վեհափառը հայտարարեց, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Եվ հիմա տեսնում ենք, որ օրեցօր իշխանության և եկեղեցու հարաբերությունները վատանում են։ Հասել ենք նրան, որ ոչ միայն անհամաձայնություն կա, այլ անցել են ուղիղ հայհոյանքների։ Չի կարելի առանց փաստերի մեղադրել մարդուն, զրպարտել։ Այդ ամենը պետք է օրինական հետևանքներ ունենա։ Խորհուրդ կտայի եկեղեցականներին դատարան դիմել, բայց, չգիտեմ՝ դատարանը կհամարձակվի՞ մեղադրել Փաշինյանին։ Պետք է զգուշացնել նրան, որ մեր իրավունքները պետք է պաշտպանենք դատարանով։
Բայց միայն եկեղեցին չեմ առանձնացնի։ Փաշինյանը տարիներ ի վեր թշնամական կեցվածք ունի ամեն մարդու հանդեպ՝ լինի սփյուռքում, թե Հայաստանում, բոլոր նրանց հանդեպ, որոնք համաձայն չեն իր քաղաքական ուղղվածության հետ»,- ասել է Սասունյանը։