Փաշինյանը վախկոտ է, պաշտոնի մնալու համար անում է Ալիևի ու Էրդողանի ասածները. Հակոբ Այնթափլյան

12 Հունվարի 2024, 17:09

Կարծիք | Քաղաքականություն

Բժիշկ, ազգային-հասարակական գործիչ Հակոբ Այնթափլյանը Alpha News-ի ուղիղ եթերում Արցախի կորուստը Հայաստանի մեղավորությունն է համարում։

«Հայությունը պետք է հասկանա` Հայաստանի վարչակազմի պատճառով Արցախը կորցրինք, ու արցախահայությունը բռնի տեղահանվեց: Եթե ժամանակին քայլեր արվեին, այս հարցերը հավանաբար չլինեին: Մենք Հայկական հարց ունենք: Այդ հարցը մեջտեղ պիտի բերվի: Պիտի հարցնենք՝ Ադրբեջանը, երբ հանրապետություն հռչակվեց, սահմաններ ունե՞ր: Միացյալ ազգերն ընդունե՞ց իր ներկայացրած քարտեզները, ոչ: Ադրբեջանը հռչակեց հանրապետություն առանց քարտեզի, առանց հողային սահմանների: Այդ հողերը Հայաստանի հողերն են»,- ասել է Այնթափլյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպան Ադրբեջանի կողմն է բռնել, որովհետև Հայաստանն իրենց ոչինչ չունի տալու։

«Երբ դու չես պահանջում, գանձում են, քանի որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իսկ Եվրոպան՝ դրա կարիքը: Հայաստանն ի՞նչ է տալիս Եվրոպային՝ ոչինչ: Հարցը հետևյալն է. Հայաստանը պիտի օգտագործի Սփյուռքը, որպեսզի ազգային հարցերը տարածվեն Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Բայց ընդհակառակը, Հայաստանի իշխանությունները լսում են Ալիևին ու Էրդողանին ու լռեցնում Սփյուռքը: Դա նշանակում է, որ ներկա վարչակազմը հակազգային է: Իր 5 տարվա կառավարման ընթացքում, պաշտոնի գալուց հետո ի՞նչ դրական բան է արել»,- հռետորական հարց է տվել մեր զրուցակիցը:

Նա նաև նշել է, թե խաղաղության պայմանագիր ինչպես կարելի է կնքել այն երկրի հետ, որը ցեղասպանում է քո ժողովրդին։

«Սփյուռքի հետ կապերը խզեց մասնակիորեն: Երկրում ի՞նչ բարեփոխում արեց: Նվազագույն, բայց մեծ գումար պարտք արեց ու սկսեց դրամաշնորհներ տալ, ամսավճարներ ավելացնել: Ժողովուրդը պիտի հասկանա՝ Փաշինյանը համազգային գործողություն չարեց, այլ՝ հակազգային: Իրենց գովաբանեցին մինչև ընտրվելը՝ «Մերժիր Սերժին» ասելով, բայց ընտրվելուց հետո իրենց խոստումներն ամբողջովին չկատարեցին, խաբեցին, սա է իրականությունը:

Տպավորությունս այն է, որ Փաշինյանը վախկոտ է, որպեսզի պաշտոնի մնա, անում է այն, ինչ Ալիևը կամ Էրդողանն ասում են: Դու ինչպե՞ս կարող ես խաղաղության պայմանագիր կնքել, երբ քո ժողովորդին ցեղասպանում են: Անտրամաբանական է»,- եզրափակել է մեր զրուցակիցը: