Փաշինյանը խուսափում է շեշտադրել Թուրքիայի հանդեպ ունեցած ռազմական հաջողության փաստը. Հակոբ Բադալյան

28 Մայիսի 2024, 14:39

Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առաջին Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հուշահամալիր չգնալու համար երկու պատճառ է ունեցել: Առաջինը, որ իր հրաժարականը պահանջող Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հետ բախումներ չլինեն, իսկ երկրորդ պատճառն արարողակարգային ազդեցության նվազեցումն է:

«Արժե հիշել, որ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Փաշինյանը գնաց առանց իր տիկնոջ, սա երկրորդային դրվագ չէ, սա արարողակարգային պահ է, որը պետական մակարդակով ընդգծում է այդ արարողության նշանակությունը: Տեղի ունեցավ արարողակարգի խախտում, Փաշինյանի տիկինն առանձին այցելեց հուշահամալիր, նույնիսկ սկանդալային միջադեպ եղավ: Ես տեսնում եմ, որ Ցեղասպանության զոհերի տարելիցի արարողությունը նվազեցվել էր: Իսկ հիմա տեսնում ենք, որ առաջին անգամ պետության ղեկավարը չի այցելում Սարդարապատ: Հարց է առաջանում, եթե Բագրատ Սրբազանը չգնար Սարդարապատ, արդյոք Նիկոլ Փաշինյանը կգնար, թե նախապես հայտնի էր, որ Սարդարապատ այց նախատեսված չէ եւ հնարավոր է նույնիսկ, որ Բագրատ Սրբազանի՝ Սարդարապատ գնալու որոշումը տակտիկական որոշում էր՝ իր քաղաքական հաշվարկից ելնելով, այսինքն՝ օգտագործել պահը եւ այդ կերպ իր համար որոշակի առավելություն ստանալ:

Այս տեսանկյունից կարծում եմ, որ Սարդարապատ չգնալն արժե դիտարկել ոչ միայն ներքաղաքական դրվագով, այլեւ խորքային գործընթացով, որը մենք տեսել ենք ապրիլքսանչորսյան ուղերձում եւ տեսնում ենք հիմա՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ հղված ուղերձում՝ էդ պատմական նշանակությունը վերանայելու բավական ակնհայտ տոնայնությունը, էդ իրական ու պատմական Հայաստանի իր առաջ բերած բաժանումն ու դրանք զատելու փիլիսոփայությունը:

Այդ իմաստով որոշակի դիմք կա դիտարկել այն տարբերակը, որ այդ արարողակարգային ազդեցության նվազումը առավել խորքային պատճառներ ունի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ արված ուղերձում բացակայում է Օսմանյան Թուրքիայի զորքերի դեմ տարած հաղթանակի մասին հիշատակումը, նշվում է միայն, որ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խուսափում է շեշտադրել Թուրքիայի հանդեպ ունեցած ռազմական հաջողության փաստը, ինչն ըստ նրա՝ այն քաղաքականության համատեքստում է, որը հիմա վարում է Փաշինյանը:

«Այսինքն՝ եթե մենք հիմա կոպիտ ասած՝ փորձենք ցցվել մեր իրավունքներով կամ շահերով, ապա կարող ենք բախվել ագրեսիվ հետեւանքների եւ ծանր կորուստների հետ: Սա այն է, ինչ ասվում է Տավուշում այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վերաբերյալ: Սա ընդհանուր քաղաքականության կոնցեպտ է, որը հիմա վարում է Նիկոլ Փաշինյանը եւ մայիսի 28-ն էլ թե՛ ուղերձով, թե՛ արարողակարգային առումով տեղավորվում է էդ կոնցեպտի մեջ: Առավելագույնս խուսափել Թուրքիայի հետ որեւէ անուղղակի առճակատում անգամ ենթադրող բովանդակությունից»,- եզրափակեց Բադալյանը: