Փաստաբանական գործունեության հարկային բեռը 6 անգամ թանկացել է. Վարազդատ Հարությունյան
10 Փետրվարի 2025, 21:46
Տևական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարության շենքի մոտ տնտեսվարողները բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից: Պարզվում է, որ օրենքի փոփոխությանը դեմ են ոչ միայն տնտեսվարողները, այլև փաստաբանները։ Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ, ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով: Արդյունքում՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կազմում է 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։
Այժմ փաստաբանները բողոքում են իշխանությունների հարկային քաղաքականության նորամուծությունների դեմ և գործադուլ են սկսել։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ:
«6 անգամ թանկացել է փաստաբանական գործունեության հարկային բեռը: Գրեթե բոոր փաստաբանները, կարելի է ասել՝ 99 տոկոսն այսօր գործադուլ է անում: Մեզ մոտ փաստաբանների ընդհանուր ժողով է: Բացի փաստաբանական պալատի խորհրդի ընտրություններից, նաև հարկային փոփոխությունները դատապարտող հայտարարության ընդունման քվեարկությունն է: Վստահ եմ, որ հայտարարությունն ընդունվելու է: Չկա որևէ փաստաբան, որ այս վիճակից գոհ լինի»,- նշել է Վարազդատ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ն հարկային բեռի ավելացման որոշումն առանց որևէ քննարկման է ընդունել:
«Փաստաբանական, ինչպես նաև ցանկացած գործունեություն, հարկվում է երկու հարկային ռեժիմով՝ հատուկ հարկային ռեժիմ ու ընդհանուր հարկային ռեժիմ: Կառավարության առաջարկով՝ անցած տարի ԱԺ-ն առանց քննարկելու ընդունեց օրինագիծ, որ փաստաբանական գործունեությունը հատուկ հարկային ռեժիմով չի կարող գործել: Անգամ մեկ միլիոն շրջանառութան պարագայում փաստաբանական գործունեություն իրականացրած սուբյեկտը պետք է վճարի շահութահարկ 15 տոկոսի չափով ու ավելացված արժեքը, որը 20 տոկոս է»,- նկատել է Վարազդատ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։