Փաստացի Փաշինյանը պահանջներ առաջ քաշելու լեգիտիմ հնարավորություն է տալիս ադրբեջանցիներին. Բենիամին Մաթևոսյան

10 Դեկտեմբերի 2025, 20:00

Քաղաքականություն

Բովանդակային առումով տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի հիշեցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դեսպանը Փաշինյանին ևս մեկ անգամ հիշեցրել է՝ «Հայաստանը դեռ պետք է կատարի իր տնային աշխատանքը, այն է՝ Սահմանադրությունը փոխի, այլապես Ալիևը ոչ մի խաղաղության համաձայնագիր չի կնքի»:

«Նույնիսկ դեսպանի մակարդակով Փաշինյանին հիշեցնում են, որ պետք է փոխի Սահմանադրությունը»,- ասել է քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը հիշեցրել է «Bloomberg»-ի հրապարակումը, որում ասվում է՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ սահմանը բացել մոտակա վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ «Ադրբեջանի հետ համակցված, խորհրդակցելով են տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

«Շատ պարզ տրամաբանություն է. քանի Ադրբեջանի հետ չկա ստորագրված, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը բավարարված չէ, Թուրքիան բավարարված չէ, Հայաստանի հետ սահմանը չի բացվելու»,- ասել է Մաթևոսյանը:

Ըստ նրա՝ «նախընտրական բոնուսները», որոնք թուրքերը փորձում են տալ Փաշինյանին, ոչ այլ ինչ են, քան արտաքին ուժերի կողմից ներթափանցման փորձ ներհայաստանյան գործընթացների տրամաբանության շրջանակում:

«Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Ադրբեջանում կարծում են, թե իրենք պետք է որոշեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը»,- հավելել է Բենիամին Մաթևոսյանը։ 

Ինստիտուցիոնալ առումով, քաղաքագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «եթե մեր Սահմանադրությունը հակասում է խաղաղության պայմանագրին, մենք փոխում ենք ոչ թե խաղաղության պայմանագրի տեքստը, այլ մեր Սահմանադրությունը», ինչով փաստացի ադրբեջանցիներին լեգիտիմ հնարավորություն է տալիս՝ նմանատիպ պահանջներ առաջ քաշելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում