Պատանի բռնցքամարտիկները ռեկորդային 13 մեդալով վերադարձել են Եվրոպայի առաջնությունից
28 Օգոստոսի 2023, 16:40
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով վերադարձել է Սլովենիայում անցկացված կրտսեր տարիքի պատանիների` Եվրոպայի առաջնությունից: 13 մեդալն, ի դեպ, այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ:
Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչմանն արժանացել են Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ): Զախարյանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել իռլանդացի Ջեսոն Մահերի նկատմամբ, իսկ Դարբինյանը 5։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին:
Պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոններ են դարձել Հրաչ Խաչատրյանը (80 կգ), Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ):
Մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պատանեկան ԵԱ-ից բրոնզե մեդալներով են վերադարձել Աստղիկ Խաչատրյանը (36 կգ), Գոռ Կարապետյանը (46 կգ), Սուրեն Կատվալյանը (48 կգ), Արսեն Կարապետյանը (60 կգ), Ֆելիքս Պապիկյանը (63 կգ), Վոլոդյա Կիրակոսյանը (66 կգ) և Արամ Թումանյանը (90 կգ):
Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում էին նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։