Պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու փորձ. Բոգդան Բեզպալկոն՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության մասին
27 Օգոստոսի 2025, 22:26
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին տված հարցազրույցում գնահատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից լրացուցիչ խթան է հաղորդել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։
Փորձագետի խոսքով՝ սա պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու փորձ է։
«Իրականում սա ավանդական է Կովկասի քաղաքական գործիչների համար, քանի որ նրանք ձգտում են խուսափել սեփական սխալներն ընդունելուց։ Իհարկե, ռուս խաղաղապահները հնարավորություն տվեցին հայ բնակչությանը մի քանի տարի իրենց քիչ թե շատ հանգիստ զգալ, թեկուզ այն իմաստով, որ նրանք ցեղասպանության չեն ենթարկվել։ Ամեն դեպքում, խաղաղապահներն իրենց խնդիրը կատարեցին և նույնիսկ կորուստներ ունեցան, իսկ խաղաղապահների դուրսբերումը պայմանավորված էր նրանով, որ նրանց ներկայությունը տարածաշրջանում կորցրել էր ամեն իմաստ, հատկապես հայկական ղեկավարության վարած քաղաքականության պատճառով։
Բայրամովը պարզապես պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա՝ ասելով. «Մենք մեղավոր չենք, որ հաղթեցինք՝ կոտորելով բնակչության մի մասին, դուք մեղավոր չեք, որ պարտվեցիք, մեղավորը Ռուսաստանն է: Եկեք ընդունենք դա, և այդ դեպքում լավ կլինի բոլորի համար»: Մի փոքր զարմանալի է «բռունցք թափ տալը» հիմա՝ հաշվի առնելով, որ խաղաղապահներին դուրս են բերել մի քանի տարի առաջ»,- նշել է Բեզպալկոն։