Պատճառ չեմ տեսնում, որ գործի ընթացքը օբյեկտիվորեն տեղի չունենա. Փաշինյանը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման վերաբերյալ
22 Մայիսի 2023, 12:54
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին անդրադարձել է իր որդու առևանգման փորձի գործին, որի հետևանքով ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:
Նա մեջբերել է օրենքի այն կետը, որի համաձայն՝ քրեական գործ է հարուցվել, որի պատիժը ենթադրում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում: Փաշինյանը նշել է, որ այդ միջադեպն ունի իրավական, բարոյական և քաղաքական ենթատեքստ.
«Ես չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել իր բողոքից, քանի որ երբ զրուցել եմ Աշոտի հետ այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր բերած փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից», — ասել է Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ պատճառ չի տեսնում, որ այդ գործի ընթացքը օբյեկտիվորեն տեղի չունենա:
Փաշինյանը պնդում է արել, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն.
«Մենք ուզո՞ւմ ենք, որ ՀՀ-ում ձևավորվի օրենքի առաջ ոչ հավասար անձանց խավ», — հարցադրում է արել Փաշինյանն ու ինքն էլ պատասխանել, որ համաձայն չէ, որ այդպես լինի: