Պատերազմի մասին Փաշինյանի հռետորաբանությունը հասարակության վրա ճնշում գործադրելու փորձ է. Անդրեյ Պերլա
20 Մարտի 2026, 22:30
Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի եթերում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ռազմավարությունը և երկրի արտաքին քաղաքականությունը:
«Կարծում եմ՝ Փաշինյանի նախընտրական ռազմավարությունը կառուցված է մի քանի ավելի հետաքրքրական հիմքերի վրա։ Նա համարում է, որ հայ հասարակությունը շատ է հոգնել դիմակայությունից և նախևառաջ ցանկանում է հանդարտ կյանք։ Նա կարծում է, որ հայ հասարակությունը բավարար չափով նեղացած է Ռուսաստանից, որպեսզի հեռավորություն պահի նրանից, ինչպես նաև կարծում է, որ մարտական գործողությունների վերսկսման իրական ուղղակի սպառնալիքները պետք է հայ հասարակության վրա ուղղակի հիպնոսացնող ազդեցություն ունենան։
Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ այդ ռազմավարությունը սխալ է. այն նրան թույլ չի տալիս հայ հասարակության մեջ ստանալ ավելի շատ ձայներ, քան նա ունի հիմա։ Այսինքն՝ լավագույն դեպքում նա կարող է հույս դնել Հայաստանի բնակչության մոտավորապես մեկ քառորդի վրա»,-ասել է Պերլան:
Փորձագետի կարծիքով՝ ՀՀ ղեկավարության ներկայիս կուրսը հիմնված է պատմության և պետականության դերի վերաիմաստավորման վրա:
«Փաշինյանը գործում է միանգամայն գիտակցված և իր կողմից լավ մշակված գաղափարախոսության շրջանակներում։ Նրա «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ պատմական արժեքները նշանակություն չունեն, առհասարակ երկրի ու ժողովրդի պատմությունը նշանակություն չունի, նշանակություն չունի ոչինչ, ինչ եղել է մինչև իր կառավարման սկիզբը։ Այստեղից էլ բխում են նրա մշտական փորձերը՝ հռչակելու բազմավեկտորություն, հռչակելու, որ մենք պետք է քիչ-քիչ կախված լինենք շատ մեծ պետություններից, և այդ պետությունների թվում նա առաջին տեղում դիտարկում է, բնականաբար, Թուրքիան ու Ադրբեջանը։
Հանգիստ ապրելու համար պետք է քիչ թե շատ ոչ մեկի հետ չհակամարտել, պետք է, որ քեզ անվտանգ համարեն։ Իսկ որպեսզի քեզ անվտանգ համարեն, իհարկե, Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ ոչ միայն հիշատակված է Ղարաբաղը, այլև ասված է, որ, ըստ էության, հենց Հայաստանն է Ղարաբաղի հետ, այլ ոչ թե առանց դրա, իհարկե, նման հռչակագիրը նրան թվում է կատեգորիկ անընդունելի, որովհետև դրանից բխում է սեփական մարդկանց, սեփական հողը, սեփական երկիրը պաշտպանելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե լինել փոքր արևելյան տերություն, որն ինչ-որ բանով առևտուր է անում և օժտված է որոշակի զբոսաշրջային գրավչությամբ»,- նշել է Պերլան։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին,քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն խորը պատմական և տնտեսական հիմքեր, որոնք դժվար է անտեսել։
«Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես իր մերձավոր գործընկերներից մեկը՝ այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ռուսաստանի համար Հայաստանը շատ մոտ երկիր է։ Մոտ է տարբեր պատճառներով. որովհետև կա պատմական ընդհանրություն, որովհետև կա հսկայական ընդհանուր պատմություն, որովհետև հայերը սերտորեն կապված են Ռուսաստանի հետ. մեկ միլիոն հայ ապրում է Ռուսաստանում, կամ մեկուկես միլիոնից ավելի, կամ նույնիսկ ավելի շատ։ Որովհետև կա քրիստոնեական մշակույթի ընդհանրություն։ Այս բոլոր գործոնները ստիպում են Ռուսաստանին Հայաստանին վերաբերվել այլ կերպ, քան օտար, նույնիսկ բարեկամ երկրներին։ Պարոն Փաշինյանը կարող է հակազդել դրան, դա կարող է նրան դուր չգալ, բայց Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը գոյություն ունի Ռուսաստանի հետ տնտեսական կապերի շնորհիվ։
Ընդ որում, պետք է հասկանալ, որ Հայաստանը Ռուսաստանին պետք է։ Ռուսաստանը կցանկանար ունենալ Հայաստանը՝ որպես իր հենակետ Անդրկովկասում։ Սա կատակ չէ։ Ռուսաստանը ճիշտ է համարում ունենալ բարեկամ պետություն, որը գտնվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի սահմաններին և միևնույն ժամանակ հանդիսանում է ռուսական ներկայության տարր Հարավային Կովկասում։
Եվրոպական երկիր լինելու Փաշինյանի ցանկությունը իրական քաղաքականության ոլորտից չէ, դա երազանքների ոլորտից է։ Եվրամիությունը Հայաստանի հետ սահմաններ չունի և երբեք չի ունենա։ Եվրամիությունը զուտ տեխնիկապես չի կարող ունենալ տնտեսական կապերի այնպիսի մասշտաբ Հայաստանի հետ, որպիսին նա արդեն ունի Ռուսաստանի հետ։ Եվ Ռուսաստանը Եվրամիությամբ կամ ԱՄՆ-ով փոխարինելու փորձը կանխավ պարտվողական փորձ է, որը չի կարող հանգեցնել դրական արդյունքի, որքան էլ փորձեն դա հիմնավորել»,- եզրափակել է Պերլան: