Պատերազմը կհետաձգվի, ոչ թե կչեղարկվի. Դմիտրի Ժուրավլյով

26 Սեպտեմբերի 2023, 19:15

Կարծիք | Քաղաքականություն

Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի տարածքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար պատերազմի հնարավորությունը:

«Այս պատերազմը հետաձգվելու է, ոչ թե չեղարկվելու։ Քանի որ, ինչպես Մարշալ Ֆոշն է ասել Վերսալի խաղաղության մասին, «սա 20 տարվա զինադադար է»: Այստեղ էլ է նույնը: Հայ ժողովուրդը չի մոռանա տեղի ունեցածը և չի համակերպվի։

Մյուս կողմից, եթե հաղթեր հայկական կողմը, ադրբեջանական ժողովուրդը չէր համաձայնի դրա հետ։ Սա է էթնիկ հակամարտությունների սարսափը», — ընդգծել է Ժուրավլյովը։

Մեկնաբանելով ռազմական գործողությունների՝ Հայաստանի տարածք տեղափոխվելու հավանականությունը՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ այդ սցենարը միանգամայն հավանական է։

«Զանգեզուրի միջանցք», կարծում եմ, կլինի։ Եվ բոլորը հիմա կհամաձայնեն դրա հետ։ Բայց կգա մի օր, երբ Հայաստան պետությունը, կամ հայ ժողովուրդը, կդնեն նրա վերացման հարցը։ Կասեն, որ սա Հայաստանի տարածքն է, խնդրում եմ՝ այստեղից դու՛րս։ Քիչ հավանական է, որ շուտով լինի, բայց, ցավոք, դա կլինի:

Ինչո՞ւ ցավոք, քանի որ ցանկացած նման վեճ հղի է լուրջ պատերազմով, ոչ միայն փոքր հակամարտությամբ, այլ՝ լուրջ պատերազմով:

Ի վերջո, այս պատմությունը շարունակվում է արդեն 100 տարի։ Հստակ ասել, թե արդյոք դա հավերժ է, ես չեմ կարող: Բայց մարդիկ չեն կարողանա համաձայնել, որ այն երկիրը, որտեղ իրենց նախնիներն են ննջում, իրենց երկիրը չէ, մարդն ի վիճակի չէ համաձայնել դրան: Այդ պատճառով, ես չգիտեմ, թե ինչ ձեւով եւ որքան շուտ, բայց հակամարտությունը կվերսկսվի», — ամփոփում է Դմիտրի Ժուրավլյովը։