Պատմաբան, դիվանագետ, ռազմավար, Հայաստանի և Արցախի բարեկամ՝ Կոնստանտին Զատուլին
08 Սեպտեմբերի 2025, 19:00
Սեպտեմբերի 7-ին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը դարձավ 67 տարեկան։
Կոնստանտին Ֆեոդորի Զատուլինը ծնվել է Բաթումիում, բայց մեծացել է Սոչիում։ Նա գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, հետո՝ նույն համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան։
Իր կարիերայի սկզբում Զատուլինը նախաձեռնել և ղեկավարել է ԽՍՀՄ ձեռնարկությունների երիտասարդ ղեկավարների և ձեռներեցների ասոցիացիան, իսկ ավելի ուշ՝ Միջտարածաշրջանային բորսայական և առևտրային միությունը։
1990-ականներին զբաղեցրել է առանցքային պաշտոններ Մոսկվայի վարչակազմում, աշխատել է Յուրի Լուժկովի թիմում, իսկ 1997-2010 թվականներին եղել է նրա խորհրդականը։ 1996 թվականից մինչ օրս Զատուլինը ղեկավարում է ԱՊՀ երկրների ինստիտուտը, որը ստեղծվել է իր նախաձեռնությամբ՝ Մոսկվայի պետական համալսարանի, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Սլավոնագիտության ինստիտուտի, Եվրոպայի ինստիտուտի, ՌԳԱ ազգագրության և ազգաբանության ինստիտուտի, ինչպես նաև մի շարք դաշնային գերատեսչությունների մասնակցությամբ։
Կոնստանտին Զատուլինը հայտնի է հայ ժողովրդի նկատմամբ իր անկեղծ համակրանքով։ Նա բազմիցս եղել է Հայաստանում և Արցախում, հիացել տարածաշրջանի բնությամբ և մշակույթով։ Իր ելույթներում նա ջերմությամբ է խոսում հայերի մասին՝ ընդգծելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ երկար տարիների բարեկամությունը։