Պատմական հիշողությունը չի մոռացվի․ Վիկտոր Լիտովկին
26 Սեպտեմբերի 2024, 13:15
Ռուս ռազմական մեկնաբան Վիկտոր Լիտովկինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հանդիպմանը և նշել,, թե ինչպես կարող են ընթանալ Միրզոյան-Բայրամով բանակցությունները։
«Սա Փաշինյանի հերթական փորձն է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, որոնք բավականին վաղուց լարված են՝ դեռևս անցյալ դարից: Սակայն չափազանց շատ են հակասությունները Թուրքիայի և Հայաստանի միջև, որպեսզի այդ հարաբերությունները շտկվեն։ Մենք հիշում ենք և ֆուտբոլային հանդիպումները, որոնք անցկացվել են երկրների միջև, և այցերը այս կամ այն երկիր, բայց ոչ ոք չի մոռանա Ղարաբաղի պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի օգնության մասին, և այլ բաներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական շրջանում, ուստի Փաշինյանի և Էրդողանի միջև ինչ-որ հանդիպումներով այդ գործը հնարավոր չէ շտկել։
Միևնույն է, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը միշտ լարված է մնալու և ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ թուրք հասարակության պատմական հիշողությունը չի մոռացվի, ուստի պայմանավորվելը շատ դժվար կլինի», — կարծում է փորձագետը։
Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ ԱԳՆ մակարդակով հանդիպումը չի անցնի կողմերի փոխադարձ համակրանքի մակարդակով, իսկ ԱՄՆ-ն այդ հանդիպումը կազմակերպելով հետապնդում է իր շահերը։
«Ես կարծում եմ, որ պատահական չէ Փաշինյան-Էրդողան հանդիպումը, և դրա ազդեցությունը Բլինքենի և արտգործնախարարների հետ հանդիպման վրա։ Դե, Ադրբեջանում, ինչպես գիտենք, ամեն ինչ որոշում է ոչ թե արտաքին գործերի նախարարը, այլ Ադրբեջանի նախագահը, իսկ Ադրբեջանի նախագահի և Փաշինյանի միջև, մեղմ ասած, համակրանք չկա։ Ուստի, ձևականորեն, Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղապահի դեր խաղալ Կովկասում, բայց ոչ այնքան խաղաղարարի, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ձգտումը»,- ընդգծել է Լիտովկինը։