«Պատմությունը հանցագործության վաղեմության ժամկետ չգիտի». ռուսական պարբերականի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին
25 Ապրիլի 2024, 01:00
«Յուգոպոլիս» մարզային տեղեկատվական պորտալում և Կրասնոդարի երկրամասի վարչակազմի պաշտոնական տպագիր պարբերականում ծավալուն հոդված է հրապարակվել՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Alpha News-ը հրապարակում է Արտյոմ Դվինովի «Պատմությունը հանցագործության վաղեմության ժամկետ չգիտի» հոդվածից մի հատված։
«1915 թվականին տեղի ունեցան հենց այն իրադարձությունները, որոնք պատճառ հանդիսացան կատարվածն անվանել ցեղասպանություն։ Հայերին զանգվածաբար «վերաբնակեցնում էին», սակայն մեծ մասին պարզապես սպանում էին։ Սկզբում դա վերաբերում էր առողջ տղամարդկանց, ավելի ուշ՝ ծերերին, կանանց և երեխաներին։
Մի քանի տարվա ընթացքում մարդկանց արտաքսել են կյանքի համար ոչ պիտանի վայրեր, օրինակ՝ սիրիական Դեր Զոր անապատ։ Տեղահանությունն ուղեկցվել է բռնությամբ, սպանություններով, բռնի մահմեդականությամբ: Տեղի են ունեցել և ռազմական, և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
Նույն ճակատագրին արժանացան նաև Տրապիզոնի շրջակայքում ապրող հազարավոր ռուսներ։ Այս քաղաքում ռուսների ներկայության մասին դեռ վկայում են մզկիթների վերածված եկեղեցիները։
Ապրիլի 24- ն ընտրվել է որպես հիշատակի օր այն պատճառով, որ այդ օրը ոչնչացվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի հայ համայնքի ողջ վերնախավը։ 1915 թվականի այս օրը Կոստանդնուպոլսում իշխանությունների հրամանով ձերբակալվեցին հայ մտավորականության բոլոր նշանավոր ներկայացուցիչները՝ ուսուցիչներ, բժիշկներ, գիտնականներ, գրողներ և լրագրողներ, քահանաներ և նույնիսկ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ։ Ձերբակալվածներին առանց դատաքննության և քննության ուղարկեցին անապատ. տեղահանվածների մի մասը ճանապարհին սպանվեց, մյուսները՝ նշանակման վայր հասնելուն պես…», — գրում է պարբերականը: