Պատրա՞ստ եք ձեր «լանչի» ժամը զիջել սովի մատնված մարդկանց իրավունքների պաշտպանությանը. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

16 Օգոստոսի 2023, 14:08

Քաղաքականություն

«Մենք ենք Արցախը» նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ՝ նախաձեռնության անդամները արդարության պահանջով դիմում են միջազգային կառույցին, որպեսզի վերջ տրվի Արցախի շրջափակմանը, որի հետեւանքով արդեն սովամահության դեպք է գրանցվել: Ակցիան մեկնարկել է ժամը 13:00-ին, որը նախաձեռնության անդամների խոսքով՝ խորհրդանշական է.

«Որքանո՞վ եք պատրաստ ձեր «լանչի» ժամը զիջելու հանուն այն մարդկանց իրավունքների պաշտպանության, ովքեր մատնված են սովի ու մոռացության»,-նշում են ակտիվիստները:

Պաշտոնական Երեւանը, սակայն, չի հստակեցրել՝ ցանկանո՞ւմ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Արցախի վերաբերյալ հատուկ բանաձեւ ընդունի։ Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը, սակայն, «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում օրեր առաջ ասել է, որ Հայաստանին ՄԱԿ Անտվանգության խորհրդի բանաձեւ է պետք:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին հայտնել էր, որ շրջափակման պայմաններում սովամահության դեպք է արձանագրվել: Քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով մահացել է Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը: Այսօր՝ օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով 23։00-ին Հայաստանի պահանջով տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Ադրբեջանի կողմից 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հարցը: Հայաստանի կառավարությունը հայցում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կանխի զանգվածային ոճրագործությունները, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունը: Նիստին մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք նաեւ, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Հիմա եթերում