Պատրաստվում ենք ստիպել ԵՄ-ին՝ գործել. Դիմիտրիս Պապադակիսը՝ Ալիեւի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին

04 Հոկտեմբերի 2023, 22:45

Քաղաքականություն

Մենք պետք է լիակատար աջակցություն հայտնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության գործողությունները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Կիպրոսից Եվրախորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Պապադակիսը:

«Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի հենց հիմա: Պետք է հստակ ուղերձ հղենք, նկատի ունեմ, որ մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի կառավարության դեմ։ Մենք նաև պետք է ուղերձ հղենք, որ, որպես քաղաքակիրթ հասարակություն, մենք չենք կարող ընդունել այս էթնիկ զտումները»,- ասել է պաշտոնյան:

Նրա փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստվում են ստիպել ԵՄ-ին գործել.

«Մենք պատրաստվում ենք ստիպել Եվրամիությանը գործել: Սա Եվրախորհրդարանի խնդիրն է, և Դուք գիտեք, որ խորհրդարանականները կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Կիպրոսի կառավարությունը դիտարկում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընդունելու հնարավորությունը։ Դիմիտրիս Պապադակիսը հաստատել է այս տեղեկությունը, ասել, որ քննարկումներ են եղել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ առանց որևէ բարդության այցելել Եվրամիության երկրները:

«Ես լիովին աջակցում եմ Կիպրոսում փախստականներին ընդունելու նախաձեռնությանը»,- եզրափակել է Եվրախորհրդարանի պատգամավորը: