Հայաստանը ներկա է եղել իմ կյանքում՝ մինչև նրա հետ անձնական ծանոթությունը. Պատրիկ Ֆիորին՝ հայկական արմատների մասին

14 Հուլիսի 2023, 15:21

Հայեր

Պատրիկ Ֆիորին ֆրանսիական հեռուստաալիքով պատմել է հայկական արմատների մասին:

«Ես Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ։ Հորս համար շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի որոշեր պատմել այդ մասին, քանի որ նա չէր ցանկանում ցավ պատճառել մեզ։ Այն ժամանակ ես 13-14 տարեկան էի։ Մինչ այդ մեր տանը այս թեման տաբու էր։ Բայց , մի օր ես պահանջեցի ինձ ամեն ինչ բացատրել»,-պատմել է նա։

Պատրիկ Ֆիորին՝ Շուշանյանը, ծնվել է Մարսելում, հետագայում տեղափոխվել Կորսիկա։ Հայրը հայ է, մայրը՝ կորսիկուհի։ Ընտանիքը մեծացրել է հինգ երեխայի։ Պատրիկն առաջին անգամ բեմ է բարձրացել 12 տարեկանում, երբ նրան հրավիրել են Մարսելի Օպերա՝ հայտնի դերասան Ֆրանկ Ֆերնանդելի անունից։

Ֆիորին կատարել է La Legende des Santonniers երաժշտական կատակերգությունը։ 1997 թվականը ճակատագրական էր Պատրիկի կարիերայում։ Նա հայտնվել է ֆրանսիացի հայտնի երգահան Էդդի Մարնեյի լսումներին։ Տպավորված Պատրիկի տաղանդով՝ Մարնեյը նրան ծանոթացրել է գործընկերներ Լյուկ Պլամոնդոնի և Ռիկարդո Կոչանտեի հետ, ովքեր դերասաններ էին փնտրում իրենց նոր մյուզիքլի համար: Մյուզիքլի բեմադրությանը մասնակցելուց հետո նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։

Պատրիկն ամուսնացած է Արիան Կատրեֆաժի հետ և ունի երկու երեխա։ Ավագ ժառանգին տվել են Սևան անունը։ Երգիչը Հայաստան է գալիս առաջին իսկ հնարավորության դեպքում։

«Ես միշտ գիտեի, թե որքան մեծ նշանակություն ունի այս երկիրը հայրիկիս համար, իսկ հայրս ինձ համար ամենապայծառ աստղն է: Ցավոք, ես հայերենին չեմ տիրապետում, այն շատ բարդ է։ Փոխարենը, ես ամեն երեկո դուդուկ եմ նվագում, որը հայրս գնել է Երևանի Վերնիսաժից։ Եվ հիմա, իմ ոչ մի համերգ չի կարող կայանալ առանց այս գործիքի:

Հայաստանը ներկա է եղել իմ կյանքում՝ մինչև նրա հետ անձնական ծանոթությունը։ Եվ հետո, հորս և նրա ծնողների կողմից լսված բազմաթիվ պատմություններ կային, որոնք ինձ ստիպում էին անընդհատ փորփրել ինքս ինձ՝ ինքնաճանաչման նպատակով: Այս որոնումների մեջ ինչ-որ խորհրդավոր, գրավիչ բան կա:

Հավանաբար, նույն զգացողություններն ունի յուրաքանչյուր հայ աշխարհի ցանկացած կետում», — պատմել է Ֆիորին։