Պավել Լիսիցյան. 20-րդ դարի լավագույն բարիտոններից մեկը
06 Նոյեմբերի 2025, 22:00
Պավել Լիսիցյանը 20-րդ դարի մեծագույն բարիտոններից է, ում ստեղծագործական կենսագրությունը դարձել է ԽՍՀՄ երաժշտական պատմության անբաժանելի մասը։
Ծնվել է 1911թ. նոյեմբերի 6-ին Վլադիկավկազում, հայկական ընտանիքում: Նկարչության ուսուցչից դարձել է Մեծ թատրոնի մենակատար, ով իր տեմբրով, անթերի տեխնիկայով և երաժշտական խոր ինտելիգենտությամբ նվաճել է աշխարհի բեմերը:
Լիսիցյանի լայնածավալ ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշյա տեմբրով։ Նրա կատարումը առանձնանում էր ոչ միայն վոկալ ճշգրտությամբ, այլև հոգեբանական խորությամբ. յուրաքանչյուր կերպար նա լցնում էր ներքին բովանդակությամբ՝ արիան վերածելով դրամատիկ մենախոսության: Նա պարզապես երգիչ չէր, այլ արտիստ, որը կարող էր փոխանցել կերպարի նրբությունը, էմոցիաներն ու ստեղծագործության փիլիսոփայությունը։
1940-ից մինչև 1966 թվականը Մեծ թատրոնի մենակատար Լիսիցյանը կատարել է Ելեցկու, Օնեգինի, Մազեպայի, Ռոբերտի (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Իոլանտա»), Ժերմոնի, Ամոնասրոյի (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Էսկամիլիոյի (Բիզեի «Կարմեն»), Նապոլեոնի (Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն») և այլ դերերգեր: Մեծ թատրոնի բեմում նա հանդես է եկել 1800 ներկայացումներում: Նույն դերերգերը կատարել է նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, ինչպես նաև կատարել է Արշակ Երկրորդի և Թաթուլի («Ալմաստ») դերերգերը:
Լիսիցյանը ելույթ է ունեցել նաև Լա Սկալայում, Մետրոպոլիտեն օպերայում։ Օպերային երգիչ Մարիո Դել Մոնակոն նրան անվանում էր «բեմի տիրակալ»։
Լիսիցյանն առաջինն է կատարել Արշակ Բ-ի դերերգը Չուխաջյանի համանուն հայկական օպերայում՝ դառնալով ազգային երաժշտական վերածննդի խորհրդանիշ։ Նա ակտիվորեն մասնակցել է Հայաստանի մշակութային կյանքին, ելույթ է ունեցել Երևանում, աջակցել երիտասարդ կատարողներին և արժանացել ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման:
Լիսիցյանը ոչ միայն ականավոր երգիչ Էր, այլև հրաշալի մանկավարժ, որը դաստիարակել Է մի ամբողջ աստղաբույլ հրաշալի վոկալիստների։ Աշակերտների թվում են նաև նրա երեխաները՝ Ռուզաննա, Կարինե և Ռուբեն Լիսիցյանները, որոնք դարձել են պրոֆեսիոնալ երգիչներ: Նա կարծում էր, որ երգիչը որ միայն ձայն պետք է ունենա, այլ պետք է լինի կիրթ մարդ, հոգևոր ավանդույթների կրող, այլ ոչ թե պարզապես ձայն։
Հետաքրքիր փաստ. Լիսիցյանը նկարահանվել է «Մուսորգսկի» ֆիլմում (1950)՝ կատարելով Դարգոմիժսկու դերը։
Պավել Լիսիցյանը կյանքից հեռացել է 2004 թվականին, թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: Նրա ձայնը շարունակում է հնչել՝ ձայնագրություններում, աշակերտների հիշողության մեջ, մշակութային գիտակցության մեջ։ Նա ոչ միայն երգիչ էր, այլև երևույթ, որը ձևավորում էր ճաշակ և սահմանում դարաշրջանի չափանիշները։