Պավել Ղուկասով․ Նավթարդյունաբերության խոշոր հսկան
04 Փետրվարի 2024, 15:18
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Պավել Ղուկասովը (Պողոս Ղուկասյանց) ծնվել է 1858 թվականին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի գործնական առևտրային ակադեմիան և Դրեզդենի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Դրեզդենի տեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո եղել է «Կասպյան ընկերակցության» (նավթային ընկերություն Բաքվում) գործարանի կառավարիչը։ 1887-ին նա դարձավ տնօրեն և մասնակցեց փոխադարձ գործընկերության բաժնետիրական ընկերության վերափոխմանը, իսկ 1889-ին՝ վարչության նախագահ: Եղբայրների հետ միասին նա ղեկավարում էր մի շարք խոշոր նավթարդյունաբերական ընկերությունների և գործընկերությունների՝ «Կասպյան խողովակաշարը», Բաքվի «էլեկտրական ուժ» ընկերությունը, որոնք նավթային կարևորագույն մենաշնորհների մաս էին կազմում։ Եղել է Ռուսաստանի խոշորագույն նավթարդյունաբերողներից մեկը։
1916 թվականից եղել է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական բանկի խորհրդի նախագահ։ Եղել է Բաքվի նավթարդյունաբերողների ներկայացուցիչների համագումարների խորհրդի նախագահ։ Պավել Ղուկասովը 1908 թվականին մեծ առանձնատուն է ձեռք բերել Սանկտ Պետերբուրգում՝ Լիտեյնյի Պրոսպեկտ 46 հասցեում, որտեղ 10 տարի ապրել է ընտանիքի հետ։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանում սրվում է ներքաղաքական իրավիճակը և ձեռնարկությունները դառնում են անշահավետ, Ղուկասովների ամբողջ արդյունաբերական խումբը ստիպված դադարեցնում է իր գործունեությունը և արտագաղթում Փարիզ։
Պավել Օսիպովիչի կարողությունը գնահատվում էր 15 միլիոն ռուբլի, իսկ Ղուկասովների ընտանիքը նավթի համաշխարհային շուկայում մրցում էր այնպիսի «հսկաների» հետ, ինչպիսիք են հայտնի Ռոտշիլդները։