Փախստականների բնակարանային խնդիրը բարդ եւ ցավոտ գործընթաց է. ՄԱԿ ՓՄԳ ներկայացուցիչը՝ Արցախից բռնի տեղահանվածների կարիքների մասին

12 Հոկտեմբերի 2023, 19:30

Կարծիք | Քաղաքականություն

«Փախստականների համար կացարանը շատ կարեւոր է: Լեռնային Ղարաբաղից փախստականների վերաբնակեցման հետ կապված՝ մեծ խնդիր կա Հայաստանում», — Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Ստրասբուրգի Եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Ուիսները:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը և գործընկերները փորձում են անհապաղ օգնություն ցուցաբերել բնակարանների ապահովման և այլ անհրաժեշտ միջոցառումների հարցում:

«Մարդիկ չեն կարող տեղավորվել այնտեղ, որտեղ ցանկանում են, քանի որ բնակարանն ամենուր հասանելի չէ, այն պետք է նախատեսված լինի անհատական կամ կոմպակտ բնակության համար: Եվ դա շատ ցավոտ գործընթաց է, մարդիկ տառապում են սթրեսից, շատերը տրավմաներ են ստացել և չգիտեն, թե ինչպես լուծել խնդիրը, շատերն ամեն ինչ թողել են: Տրավմաներ են ստացել տարեցները, հիվանդ մարդիկ, որոնք չեն ցանկացել, բայց ստիպված են եղել լքել իրենց տները, մարդիկ, որոնք թողել են իրենց ընտանի կենդանիներին, որոնք շատ կարևոր էին նրանց համար: Սա իրական իրավիճակ է, երբ բոլորը շոկի մեջ են։ Ուստի, շատ կարեւոր է միջազգային հանրության համախմբումը»,- նշել է Ուիսները։